ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց  ՍԴ-ի մասին սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը
15:58 - 30 հունիսի, 2020

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց ՍԴ-ի մասին սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը

Նախագծերի փաթեթը առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում քննարկվել է պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում։ Երկու նախագծերի վերաբերյալ էլ իմ կողմից կատարվել են առաջարկներ, որոնք ընդունվել են։ Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը։ Նա իր ելույթում նշեց․

«Մասնավորապես՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի 4-րդ  հոդվածի 5,1 կետից հանվել է երկրորդ նախադասությունը, այն ՝ «ՍԴ նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարողը այս մասին կազմում է արձանագրություն», այս նախադասությունը հանվել է ։   «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին նախագծի առաջին հոդվածում «պարբերություններ»-ը բառը փոխարինվել է՝ «ենթակետերը» բառով։ Այլ փոփոխություններ չեն կատարվել»։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իր խոսքում նշեց, որ նախագծերի կարգավորման առարկայի   հիմնական նպատակը կենսաթոշակի իրավունքի ապահովումն  է ՍԴ այն դատավորների համար, ում լիազորությունները դադարել են սահմանադրության փոփոխությունների արդյունքում։

Նախագծերը երկրորդ ընթերցմամբ ընդունելուց առաջ «Իմ քայլը» խմբակցությունը 20 րոպե ընդմիջում խնդրեց։ 

Ընդմիջումից հետո ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում և  «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին նախագծերի փաթեթը։ 

Այն ընդունվեց 80 կողմ և մեկ դեմ ձայներով։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել