azatutyun.am: Հայաստանի Զինված ուժերն իրենց առջև դրված խնդիրը իրականացրել են բարձր մակարդակով, նման կարծիք հայտնեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին։
Օհանյանն ասում է՝ սադրանքը կազմակերպել է Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը, իսկ նման քայլի դիմելու պատճառները բազմաթիվ կարող են լինել: Սա լոկալ ընդհարում է, և կարևոր է, որ այն լայնամասշտաբ գործողությունների չվերածվի, նշում է նա. - «Լոկալ ընդհարումները միշտ հետևանքներ ունենում են, այսինքն` իրենք փորձում են նորից այլ վայրերում, այլ տեղերում սադրանքներ կազմակերպել:
Աստված չանի, որ սա վերածվի լայնամասշտաբ գործողությունների, բայց գտնում եմ, որ ի վերջո այն հիմքը, այն իրադրության տվյալներն այսօր չկան, որ լայնամասշտաբ գործողություններ սկսեն, բայց համենայն դեպս Զինված ուժերը պետք է պատրաստ լինեն: Իմ խորին համոզմամբ` Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը և Արցախի Պաշտպանության բանակը կիրառման պլանների համաձայն պատրաստ են ցանկացած գործողությունների` ոչ միայն պաշտպանական, այլև կանխարգելիչ, պատժիչ, պարտադրող գործողությունների»:
Օհանյանն անդրադաձավ նաև երեկ ՀԱՊԿ-ի հրավիրված և կարճ ժամանակ անց անորոշ ժամանակով հետաձգված նիստին, որի օրակարգում պետք է լիներ ՀԱՊԿ անդամ երկիր Հայաստանի սահմանի վիճակը: 2008-ից մինչև 2016-ի սեպտեմբերը պաշտոնավարած Օհանյանը ասում է` ՀԱՊԿ-ում կոնսեսնսուսի հասնելը միշտ էլ դժվար է եղել. - «Որովհետև տարբեր երկրներ տարբեր հարաբերություններ ունեն նաև Ադրբեջանի հետ, բայց գտնում եմ, որ ՀԱՊԿ-ը պետք է իր մեջ ուժ գտնի և դատապարտի Ադրբեջանին, որոնք որ սադրանք են կազմակերպել:
Ռազմական օգնություն խնդրելու համար ընթացակարգեր գոյություն ունեն. պետության ղեկավարությունն Անվտանգության խորհրդի անցկացնելուց, կառավարության նիստ անցկացնելուց հետո կարող է դիմել, բայց այն իրավիճակը չէ, ՀԱՊԿ-ին մենք կարող ենք դիմել, եթե ավելի լայնամասշտաբ, ավելի տարածաշրջանային ընդհարում լինի»:
comment.count (0)