Ամերիկայի հայկական համագումարը կոչով դիմել է ԱՄՆ Կոնգրեսին և նախագահի վարչակազմին

 |armenpress.am|
22:32 - 14 հուլիսի, 2020

Ամերիկայի հայկական համագումարը կոչով դիմել է ԱՄՆ Կոնգրեսին և նախագահի վարչակազմին |armenpress.am|

armenpress.am: Ամերիկայի հայկական համագումարը կոչով դիմել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսին և նախագահի վարչակազմին, որպեսզի վերջիններս ապահովեն Ադրբեջանին օգնություն ցուցաբերելն արգելող իրավական ակտի կատարումը, քանի դեռ այդ պետությունը չի դադարեցրել Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ոտնձգությունները: Այս մասին ասված է ԱՀՀ-ի տարածած հաղորդագրության մեջ:

«Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակումներին Թուրքիայի աջակցությունը Հարավային Կովկասում լարվածության վտանգավոր սրացում է: Թուրքիայի նման ակնհայտ աջակցությունն Ադրբեջանին սպառնում է տարածաշրջանի հետագա ապակայունացմամբ։ Տարածաշրջանի ապակայունացումը տեղավորվում է Էրդողանի կառավարության վարքագծի տրամաբանության մեջ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ամերիկայի հայկական համագումարը նշում է, որ Ադրբեջանի կողմից հուլիսի 12-ին Հայաստանի հյուսիսային՝ Տավուշի շրջանի վրա միջազգային սահմանի երկայնքով իրականացված հարձակումը և հուլիսի 13-ին Չինարի գյուղի քաղաքացիական շրջանների գնդակոծումը տեղի չէին ունենա, եթե Ադրբեջանն իր խոսքը պահեր Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում խաղաղ գործընթացի շուրջ բանակցություններում՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում՝ դիտորդների և քննչական մեխանիզմների առկայությունն ապահովելու հարցում։ Ցավոք, Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել այդ գործընթացին և երբեք չի ընդունել այդ առաջարկները։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը վճռականորեն դատապարտել է քաղաքացիական բնակավայրերի գնդակոծումը, որն ուղղված է քաղաքացիական բնակչության, նրա առողջության, կյանքի և գույքի դեմ, ինչը հատկապես մտահոգիչ էր ՝ հաշվի առնելով, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը 2020 թվականի մարտին անհապաղ գլոբալ հրադադարի կոչ է արել՝ աշխարհի բոլոր անկյուններում առկա կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով:

Միացյալ Նահանգները սկզբունքային դիրքորոշում է որդեգրել ադրբեջանական ագրեսիայի դեմ ՝ ընդունելով 907-րդ հոդվածը, որում ասվում է, որ ամերիկյան ոչ մի միջոց աջակցություն չի կարող տրամադրվել Ադրբեջանի կառավարությանը այնքան ժամանակ, քանի դեռ նախագահը չի որոշել և Կոնգրեսին չի զեկուցել, որ Ադրբեջանի կառավարությունն ակնհայտ քայլեր է ձեռնարկում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ բոլոր շրջափակումներն ու ուժի կիրառման այլ նախահարձակ ձևերը դադարեցնելու համար:

«Համագումարը կոչ է անում Կոնգրեսին և վարչակազմին լիովին ապահովել հոդված 907-ի կիրառումը: Միացյալ Նահանգները չպետք է աչք փակի Վաշինգտոնում Ադրբեջանի չափազանց մեծ ազդեցության, ինչպես նաև Հայաստանի և Արցախի վրա անխոհեմ և անխնա հարձակումների վրա։ Կոնգրեսը պետք է անհապաղ դադարեցնի Ադրբեջանի ամբողջ ֆինանսավորումը»,- ասված է հաղորդագրությունում:

Համագումարը հավելել է նաև, որ Միացյալ Նահանգները նույնպես պետք է Թուրքիային հայտնի, որ իրենց հայտարարությունները՝ ի պաշտպանություն Ադրբեջանի, հատկապես ներկայիս պայմաններում, անցանկալի են և մեծ մտահոգություն են առաջացնում, քանի որ դրանք ծառայում են տարածաշրջանի ապակայունացմանը և նպաստում են լարվածության հետագա սրմանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել