Ալիեւը տեսավ իրական վտանգ, որ կարող են հնչել նաեւ իր հրաժարականը պահանջող ելույթներ․ Տաթևիկ Հայրապետյան
19:06 - 15 հուլիսի, 2020

Ալիեւը տեսավ իրական վտանգ, որ կարող են հնչել նաեւ իր հրաժարականը պահանջող ելույթներ․ Տաթևիկ Հայրապետյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը կարծում է, որ հայ-ադրբեջանական սահմանային լարումը իսկապես որոշակիորեն կապված է Ադրբեջանի ներքաղաքական զարգացումների հետ։ Այս մասին Infocom-ի հետ զրույցում ասաց պատգամավորը՝ նշելով, որ դրանից հետո տեսանք՝ ինչ իրավիճակ ստեղծվեց սահմանին, ինչ անհաջողություններ կրեց ադրբեջանական բանակը։

«Շատ ուշագրավ էր, որ Բաքվում հենց երեկ տեղի ունեցան, իմ կարծիքով, բավականին մասշտաբային ցույցեր․ հաշվի առնելով կարանտինային իրավիճակը՝ կոչ էին անում շարունակել պատերազմական գործողությունները»,- ասաց Հայրապետյանը՝ անդրադառնալով Ադրբեջանում երեկ տեղի ունեցած բազմահազարանոց ցույցերին։ 

Պատգամավորը մեր զրույցում հայտնեց, որ այդ ցույցերը որոշ ժամանակ անց՝ ընդամենը հաշված ժամերի ընքացքում, սկսեցին ստանալ հակաիշխանական էլեմենտներ, եւ ավելին՝ մի քանի ցուցարարներ մտան իրենց Ազգային ժողովի՝ Մեջլիսի շենք․

«Այդ ամենի արդյունքում էլ իշխանությունը որոշում կայացրեց արագ ցրել ցույցերը։ Ես ներքին համոզմունք ունեմ, որ արտաքին քաղաքական քարոզչական նպատակներով թույլատրված, ինչ-որ տեղ գուցե նաեւ հրահրված այս հակահայկական ցույցերը շատ կարճ ժամանակում իշխանության համար դարձան վտանգավոր՝ հենց իշխանության պահպանման տեսանկյունից։ Կարծում եմ՝ Ալիեւը տեսավ ռեալ վտանգ, որ կարող են հնչել նաեւ իր հրաժարականը պահանջող ելույթներ, առավել եւս այն բռնաճնշված հասարակության մեջ, որի բռնապետը ինքն է հանդիսանում»։

Հայրապետյանի խոսքով՝ 90-ականներից սկսած՝ Ադրբեջանը ունի այս փորձը․ հակահայկականությունը կարեւոր միավորող գործոն է հանդիսանցել ադրբեջանական հասարակության համար․

«Ընդհանուր առմամբ, Ալիեւը վերջին տարիներին եւս ընդգծված հակահայկական քաղաքականություն է վարել, եւ իր համար այդ ընդհանրական թշնամու կերպարի ստեղծումը, սահմանային իրավիճակի օգտագործումը կարեւոր միջոց է իշխանության պահպանման համար։ Նույն 90-ականերից կա այդ փորձը, երբ հակահայկական ցույցերը սկսում են դառնալ իշխանության դեմ ուղղված ելույթներ, եւ կարծում եմ, որ Ալիեւը վախենում է հենց դրանից։ Եթե ինչ-որ պահի իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, Ալիեւը կարող է կորցնել իշխանությունը Բաքվում, դրա համար ինքը արագորեն սաստեց հետագա զարգացումները։ Ի՞նչն է նման տրամադրություններ հրահրում՝ հատկապես բարձրաստիճան զինվորականների թաղումներն են առնձնակի էմոցիոնալության բերում»,- ասաց պատգամավորը։

Խոսելով ցուցարարների վանկարկումների մասին՝ Հայրապետյանը նշեց, որ, ընդհանուր առմամբ, հիմնականում հնչել են «մահ հայերին», «Ղարաբաղը մերն  է», «Տուն չենք գնալու», «Զե՛նք տուր մեզ, Ալիեւ» եւ այլ կոչեր, իսկ ավելի ուշ՝  ցուցարարները սկսել են պահանջել գլխավոր շտաբի պետի հրաժարականը։

Ինչ վերաբերում է հնարավոր զարգացումներին՝ Հայրապետյանը դժվարացավ ասել, թե առաջիկայում ինչ կարող է լինել ապագայում․

«Այսօր մի քանի նոր թաղումներ են սպասվում, այդ հավաքների համար թաղումներն են լավ առիթ ծառայել, բայց, տեսեք, իրականում համաճարակային ռեժիմ է, եւ այս ընթացքում՝ մինչ այս դեպքերը, ոստիկանությունը ցանկացած դրսեւորում ճնշել է։ Օրինակ՝ երեք հոգով քայլում էին, ոստիկանությունը ճնշում էր դա։ Մեկ էլ հանկարծ երեկ ոստիկանները հանգիստ քայլում էին ժողովրդի կողքին՝ մինչ այն պահը, երբ ցույցին որոշակի հակաիշխանական էլեմենտներ էին սկսում ավելանալ։ Դրանից հետո ոստիկանությունը սկսել մահակներով արագորեն ճնշել ցույցերը։ Սկզում ցուցարարները որեւէ առաջնորդ չունեին, հետո սկսեցին տարբեր կարգախոսներ պտտել, ու այստեղ որեւէ կոնկրետ մեկը չի երեւում, օրինակ՝ չի երեւում, թե Ադրբեջանի այսինչ կուսակցությունն է կազմակերպել կամ այսինչ շարժումն է կազմակերպել, կամ իսլամիստները։ Այստեղ տարբեր էլեմենտներ են խառնվում, ինչը իսկապես ավելի վտանգավոր է, եւ խաղում են ամենանուրբ լարերի վրա, հակահայկականության վրա, որովհետեւ, եթե երեկվա ցույցերին հետեւեք, կտեսնեք այն հսկայական ատելությունը, որը առկա է մեր հանդեպ»։

Պատգամավորի կարծիքով՝ այս պարագայում մեր բանակի դերը է՛լ ավելի պետք է շեշտվի՝ որպես մեր ֆիզիզկական գոյության եւ անվտանգության կարեւոր երաշխավոր, որովհետեւ մարդիկ 10․000-ներով հավաքվել էին եւ խնդրում էին՝ գնալ եւ սպանել հայերին, դա էր նրանց նպատակը․

«Ըստ իս՝ իշխանությունը սկզբում ուզում էր քարոզչական արտաքին շղարշ ապահովել, թե «տեսեք՝ իմ ժողովուրդը պատերազմ է տենչում», եւ նմանատիպ այլ երեւույթներ։ Հետո հասկացավ, որ դա կարող է պտտվել իր դեմ եւ արագորեն մարեց դա։ Ես չեմ կարծում, որ իշխանություններին ձեռնտու է նման տրամադրությունների հետագա հրահրումը, որովհետեւ կարող է իր դեմ պտտվել, առավել եւս դրանց անհաջողությունների ֆոնին՝ ռազմաճակատում»,- եզրափակեց Տաթեւիկ Հայրապետյանը։

Հիշեցնենք՝ հուլիսի 12-ին, ժամը 12։30, Տավուշի մարզում գտնվող մեր դիրքերից մեկին մոտեցել է ադրբեջանական ՈՒԱԶ ավտոմեքենա, զինծառայողներն անհասկանալի պատճառներով դուրս են եկել մեքենայից, եւ շարժվել դեպի մեր դիրքը։ Հայկական կողմի նախազգուշացումից հետո, թողնելով մեքենան, վերադարձել են: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են եւ, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Ադրբեջանական կողմը պարբերաբար նոր գործողությունների էր դիմում՝ մինչեւ հուլիսի 14-ի, լույս 15-ի գիշերը։ Հակառակորդն ունի տեխնիկայի զգալի եւ մարդկային տասնյակ կորուստներ՝ այդ թվում՝ բարձր սպայական կազմից․ պաշտոնապես հայտարարվել է 12 զոհի մասին։ Հայկական կողմն ունի 4 զոհ, 10 վիրավոր, որոնցից մեկի վիճակը հուլիսի 15-ի դրությամբ գնահատվում է ծայրահեղ ծանր։ Այս պահի դրությամբ սահմանին հիմնականում պահպանվում է հրադադար։

Ասպրամ Փարսադանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել