Ադրբեջանցի պաշտոնյան մարդկության դեմ հանցագործության ուղղակի կոչ է արել․ Միքայել Զոլյան
17:52 - 16 հուլիսի, 2020

Ադրբեջանցի պաշտոնյան մարդկության դեմ հանցագործության ուղղակի կոչ է արել․ Միքայել Զոլյան

Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլին հայտարարել է, թե հայկական կողմը չպետք է մոռանա, որ ադրբեջանական բանակի ամենաարդիական հրթիռային համակարգերը թույլ են տալիս մեծ ճշգրտությամբ հարվածել Մեծամորի ատոմակայանին, ինչը, նրա խոսքով, Հայաստանին մեծ աղետի կհանգեցնի։ Այս մասին գրել է ադրբեջանական haqqin.az-ը։ Դարգյախլին այսպես է արձագանքել այն ենթադրյալ քննարկումներին, թե Հայաստանը կարող է հարվածել ադրբեջանական Մինգեչաուրի ջրամբարին:

Նշենք, որ ՀՀ պաշտոնատար անձանց կողմից, ըստ էության, երբեւէ հայտարարություն չի եղել Մինգեչաուրին հարվածելու մասին։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը Infocom.am-ի հետ զրույցում ասաց, որ ադրբեջանցի այս պաշտոնյան մարդկության դեմ հանցագործության ուղղակի կոչ է արել․

«Նա պետք է քարտեզին նայի ու հասկանա, թե Մեծամորի ատոմակայանը որտեղ է գտնվում, ու ցանկացած բան, որ կարող է պատահել ատոմակայանին, ամբողջ տարածաշրջանի վրա է ազդելու։ Իհարկե, նման անհեթեթ հայտարարություններին պետք չէ շատ լուրջ վերաբերվել, քանի որ սա, ըստ էության, արդյունքն է նրա, որ Ալիեւի վարչակարգը պարզապես շփոթված վիճակում է»,- ասաց Զոլյանը՝ միեւնույն ժամանակ ընդգծելով, որ մեր Զինված ուժերը զգոն են, այդ ամենը հաշվի են առնում եւ հետեւում են զարգացումներին։  

Ինչ վերաբերում է իրողությանը, որ Ադրբեջանը շարունակում է ռազմական գործողությունները՝ չնայած միջազգային կառույցների՝ հրադադարը պահպանելու կոչերին եւ տարբեր երկրների պաշտոնյաների՝ իրենց դատապարտող հայտարարություններին, մեր զրուցակիցը նկատեց, որ հիմա այս պետությունը ուղղակի իր դեմքը փրկելու խնդիր ունի․

«Այս մի քանի օրերի ռազմական գործողությունները հստակ ավարտվել են Ադրբեջանի պարտությամբ, եւ այս պահին դադարեցնել ամեն ինչ՝ կնշանակի ընդունել պարտություն, ինչը Ադրբեջանի վարչակարգի համար ներքին քաղաքականության առումով շատ խնդրահարույց է։ Դրա համար նրանք փորձում են մի բան գոնե կորզել, որպեսզի իրենց հանրությանը հանգստացնեն եւ ցույց տան, որ պարտություն չեն կրել կամ գոնե հավասար մարտ է ընթանում։ Բայց, ըստ իս, սրանով իրենք իրենց ավելի վատ վիճակի մեջ են դնում։ Իրականում այստեղ նշանակություն ունեն նաեւ միջազգային հանրության արձագանքները․ դրանք եւս կարող են իրենց դեմքը փրկելու հնարավորություն լինել այն առումով, որ Ադրբեջանը կարող է ասել՝ միջազգային հանրությունը միջամտեց, դրա համար դադարեցրինք ռազմական գործողությունները, եթե, իհարկե, խելոք գտնվեն, ինչում ես համոզված չեմ»,- եզրափակեց Միքայել Զոլյանը։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել