ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Եվրոպայում անվտանգության և համգործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը նամակներով դիմել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահին, գլխավոր քարտուղարին և 55 երկրի ավելի քան 300 պատգամավորների՝ Ադրբեջանի կողմից շարունակվող ռազմական ագրեսիայի վերաբերյալ։
Պատգամավորը, մասնավորապես, տեղեկացրել է, որ հուլիսի 16-ին Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակը փաստացի սպառնացել է, որ Ադրբեջանը կարող է հարվածել Մեծամորի ատոմակայանին՝ աղետի հանգեցնելով ամբողջ տարածաշրջանը։ Նա նշել է, որ Ադրբեջանի նման ահաբեկչական սպառնալիքները ուղեկցվում են վերջինիս կողմից միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներով՝ այս օրերին թիրախի տակ վերցնելով քաղաքացիական բնակչությանը և ենթակառուցվածքները։ Կոնջորյանը կոչ է արել գործընկերներին՝ խստագույնս դատապարտել Ադրբեջանի ռազմական ագրեսիան և ռազմատենչ հռետորաբանությունը։
Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը Հայաստանին սպառնում է միջազգային միջուկային հանցագործությամբ՝ Մեծամորի ատոմային էլեկտրակայանի հրթիռակոծության ձևով: Այդ հայտարարությունն արել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլին:
«Հայկական կողմը չպետք է մոռանա, որ առավել ժամանակակից հրթիռային համակարգերը, որոնք գտնվում են ադրբեջանական բանակի զինանոցում, կարող են մեծ ճշգրտությամբ հարվածել Մեծամորի ԱԷԿ-ին, ինչը կհանգեցնի մեծ աղետի Հայաստանի համար»,-ասել է նա:
comment.count (0)