Թուրքիայի խորհրդարանի 4 խմբակցություններ համատեղ հակահայկական հայտարարությամբ իրենց աջակցությունն են հայտնել Ադրբեջանին |tert.am|
10:08 - 17 հուլիսի, 2020

Թուրքիայի խորհրդարանի 4 խմբակցություններ համատեղ հակահայկական հայտարարությամբ իրենց աջակցությունն են հայտնել Ադրբեջանին |tert.am|

tert.am: Թուրքիայի խորհրդարանի 4 խմբակցություններ` իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցությունը, իշխանամետ «Ազգայնական շարժում» խմբակցությունը, երկրի գլխավոր ընդդիմադիր ուժը հանդիսացող Ժողովրդահանրապետական կուսակցության խմբակցությունը և «Լավ» կուսակցության խմբակցությունը համատեղ հակահայկական հայտարարությամբ իրենց աջակցությունն են հայտնել Ադրբեջանին հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ: Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը:

Հայտարարության մեջ, որն ընթերցել է Թուրքիայի խորհրդարանի փոխնախագահ Սյուրեյա Սադի Բիլգիչը, ասվում է, թե «Թուրքիայի խորհրդարանը դատապարտում է Հայաստանի զինված ուժերի կոշտ հարձակումն Ադրբեջանի Թովուզի շրջանի վրա», և որ «Հայաստանը գտնվում է սխալ ուղու վրա»:

Իրենց հայտարարությամբ կուսակցությունները կոչ են արել միջազգային հանրությանը «արձագանքել Հայաստանի գործողություններին» և նշել են, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է խաղաղ լուծում ստանա` Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»:

Հայտարարության վերջում թուրքական խմբակցությունները ցավակցություններ են ուղղել ադրբեջանցի ժողովրդին զոհերի կապակցությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել