Այսօր դիտարկել ենք դպրոցները Այգեպարում, Ներքին Կարմիրաղբյուրում և Մովսեսում։ Այս մասին Իջևանում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
«Դպրոցները տարբեր աստիճանի պատրաստվածություն ունեն, ըստ էության ապաստարաններ կան։ Բայց պարոն մարզպետի հետ մի շարք հանձնարարականներ ենք տվել դպրոցների ղեկավարներին և խոսել ենք նաև համայնքապետերի հետ, որպեսզի աջակցություն ստանանք այս առումով, և մինչ սեպտեմբերի 1-ը ոչ միայն երեք համայքներում, որոնք այցելել ենք, այլև սահմանապահ մյուս համայնքներում պատշաճ պատրաստություն լինի ապաստարանների տեսակետից։ Եվ մենք սեպտեմբերի 1-ին, երբ հնարավորություն ստանանք վերսկսելու առկա մեթոդով դասընթացները, ապաստարանների տեսակետից նույնպես ապահովված լինենք և ռազմական իրավիճակների սրման կամ հրետակոծության ժամանակ կարողանանք մեր երեխաներին տեղափոխել այդ ապաստարանները»,- ասաց նախարարը։
Արայիկ Հարությունյանը հիշեցրեց, որ այս օրերին հակառակորդը թիրախավորել է նաև կրթական հաստատությունները, մասնավորապես մի շարք համայնքներում վնասվել են մանկապարտեզի և դպրոցի շենք։
«Այս կապակցությամբ նախարարությունը և անձամբ ես դիմումներ ենք ուղարկել միջազգային կազմակերպություններին, մասնավորապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին՝ մեր մտահոգությունները հայտնելով այս կապակցությամբ, որովհետև սրանով թիրախավորվում են կրթական օբյեկտները․ սա անթույլատրելի իրավիճակ է կրթության իրավունքի տեսակետից, կյանքի իրավունքի տեսակետից։ Կոչ ենք արել նաև, որ միանան այս անթույլատրելի երևույթների դեմ պայքարին։ Նմանատիպ նամակներ հղել եմ նաև ՀՀ-ում հավատարմագրված օտարերկյա ներկայացուցչություններին»,- նշեց Հարությունյանը։
Նախարարը նաև ասաց, որ սահմանամերձ գյուղերի կրթական համակարգի համար և առհասարակ կրթության հետ կապված՝ ունեն արտոնություններ, մասնավորապես ուսանողների համար կան արտոնություններ, դպրոցներում որոշակի արտոնություններ գործում են, ճանապարհի հետ կապված կան արտոնություններ։
«Եթե մասնագետների կարիք կա, մենք պատրաստ ենք մասնագետների հարցը նաև այլ կերպ լուծել։ Հեռավար ուսուցումը թույլ տվեց, որ ուսուցիչների մեծ մասը ծանոթանա հեռավար ուսուցման և դասավանդման մեթոդներին։ Թափուր հաստիքների հարցը կարող ենք լուծել հեռավար մեթոդով։ Ուզում ենք սեպտեմբերից ամբողջությամբ վերադառնալ առկա դասավանդման մեթոդին»,- հավելեց նա։
comment.count (0)