hetq.am: Տավուշի սահմանամերձ համայնքներում հրետակոծությունից տուժած բնակիչների կրած վնասների համար փոխհատուցելու նպատակով կառավարությունը Տավուշի մարզպետարանին կհատկացնի 25 մլն դրամ։ Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա՝ հուլիսի 23-ի նիստում։
Հաշվի առնելով հայ-ադրբեջանական սահմանի վերջին օրերին տիրող լարված դրությունը անհրաժեշտություն է առաջացել վերաբաշխում կատարել 2020 թվականի պետական բյուջեում և փոփոխություններ ու լրացումներ կառավարության 2019 թվականի N 1919-Ն որոշման մեջ։
Հուլիսի 12-ից սկսված հրետակոծությունների հետևանքով տուժած Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչներին վնասված անշարժ գույքի փոխհատուցման համար նախնական գնահատականով անհրաժեշտ կլինի առնվազն 150 մլն դրամ, որից 25 մլն դրամը գործադիրը կհատկացնի հրատապության կարգով:
Ստեղծվել է գույքագրման և գնահատման աշխատանքային խումբ, որն աշխատում է բնակավայրերում՝ աշխատանքներին ներգրավվելով տեղի շինարարական հնարավորությունները՝ ներառյալ արտագնա աշխատանքի չմեկնած քաղաքացիներին։
Առաջարկվում է գումարի մի մասը կանխավճարով հատկացնել՝ աշխատանքները շուտափույթ սկսելու համար մինչև ամբողջական գնահատում կկատարվի։
«Մենք սահմանապահ գյուղերի նկատմամբ այնտեղ վարվող քաղաքականության հայեցակարգային փոփոխություն պետք է իրականացնենք։ Կարող էր տպավորություն ստեղծվել, որ այդ գյուղերը միևնույն է գտնվում են գնդակոծման ուղիղ նշանառության տակ, հետևաբար այնտեղ տեղի ունեցող վերականգնման աշխատանքներն արվում էին մի փոքր այլ տրամաբանությամբ։ Սահմանապահ գյուղերը պետք է ոչ թե ուղղակի վերականգնվեն, այլև մենք պետք է ունենանք այդ գյուղերի զարգացման կոնկրետ ռազմավարություն։ Սահմանապահ գյուղերում Հայաստանը ոչ թե ավարտվում է, այլ այդ գյուղերից Հայաստանի Հանրապետությունը սկսվում է»,- նշեց վարչապետ Փաշինյանը։
comment.count (0)