«Բան չի փոխվել, Հայկ Մարությանը պայքարում է Մաշտոցի պուրակի պահպանման համար». քաղաքապետի խոսնակ
 |factor.am|
13:41 - 03 օգոստոսի, 2020

«Բան չի փոխվել, Հայկ Մարությանը պայքարում է Մաշտոցի պուրակի պահպանման համար». քաղաքապետի խոսնակ |factor.am|

factor.am: Մաշտոցի պուրակի սկզբնամասում սրճարան կառուցելու նպատակով հանգստյան օրերին չորս հաստաբուն ծառ է հատվել: Սա դարձել է քննարկումների և քաղաքային իշխանություններին ուղղված սուր քննադատության թեմա։

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը խնդրի վերաբերյալ ասաց՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի զարգացման գծով փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանը ծառերի հատման վերաբերյալ արդեն գնահատական տվել է:

Նշենք, որ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան էջում որպես բացատրություն գրված է․

«Այս թեղիների պատմությունը սկսվել է անցյալ տարի։ Արմատները կտրվել էին կառուցապատողի կողմից, բազմակի անգամ կատարվել էր խորը էտ, ակնհայտ են անոթային խնդիրները, հոսող արտաքիրթ, վնասատուներ, կեղևի՝ անզեն աչքով նկատելի մեխանիկական վնասվածքներ, փչակներ։ Եվ այս ամենից հետո վնասված ճյուղերը հանել են կտուրից դուրս։ Կառուցապատողը կիրականացնի փոխհատուցող կանաչապատում՝ 9 սոսիներ, պուրակի ողջ տարածքում մշտադալար թփերով արդեն ստեղծվել է կանաչ ցանկապատ և կազմակերպության մասնագետների հսկողության տակ կխնամի հարակից կանաչ տարածքը»։

Քաղաքապետի խոսնակը, միաժամանակ, նշեց, որ ծառերը դարձել են անկենսունակ շինաշխատանքների հետևանքով: Հետաքրքրվեցինք, թե այդ դեպքում ինչու է այգու մուտքի հատվածում շինարարություն կատարելու իրավունք տրվել:

«Այգու մուտքի հատվածում մի քաղաքացի կամ կազմակերպություն հիսուն տարվա վարձակալության և կառուցապատման իրավունք է ունեցել, ինքն իր շինությունը բարեկարգելու իրավունք է ստացել, բայց դա չի նշանակում, որ պետք է արվեր տարածքում գտնվող ծառերի հաշվին»,- ասաց խոսնակը:

Մենք հիշեցրինք նախկինում քաղաքապետարանի կողմից ցուցադրաբար տարբեր ապօրինի կառուցապատումների կասեցումներն ու ապամոնտաժումները, օրինակ՝ 2018 թվականի նոյեմբերի 12-ին Նոր-Նորք վարչական շրջանում գտնվող շինության ապամոնտաժումը, և հետաքրքրվեցիք՝ արդյո՞ք այս դեպքում էլ քաղաքապետարանը չէր կարող կասեցնել շինարարությունը և փրկել ծառերը ոչնչացումից:

«Դա համայնքի հողի վրա արվող ապօրինի շինարարություն էր, սա նմանատիպ իրավիճակ չէ, և կոռեկտ համեմատություն չէ»,- արձագանքեց խոսնակը։

Հանրապետական կուսակցության իշխանության օրոք ներկայիս քաղաքապետ Հայկ Մարությանն ակտիվորեն պայքարում էր Մաշտոցի պուրակի ծառերի հատման դեմ։ Հակոբ Կարապետյանին խնդրեցինք մեկնաբանել՝ ինչպե՞ս է ստացվում, որ երբ Մարությանը քաղաքապետ չէր, պայքարում էր ծառերի հատումների դեմ, իսկ այժմ, երբ քաղաքապետի պաշտոնն է զբաղեցնում, ծառերը հատվում են:

«Իմ նախորդ մեկնաբանությունից պետք է այս հարցը չառաջանար, պետք է խնդրեմ զերծ մնալ գայթակղությունից և չմանիպուլացնել փաստերը: Այն, որ քաղաքապետ Մարությանը իր նախկին հասարակական գործունեության ընթացքում պայքարում էր պուրակի պահպանման համար, սկզբունքորեն բան չի փոխվել: Ես ասացի, թե ծառերն ինչ հանգամանքներում են հատվել, սրանից ավելի մեկնաբանության կարիք չկա»,- ասաց նա։

Քաղաքապետարանից առայժմ չհաջողվեց ճշտել, թե որ կազմակերպությունն է շինարարություն իրականացնում:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել