ՀՀ ոստիկանության Ջերմուկի բաժնից Infocom-ի հետ զրույցում հաստատեցին՝ «Լիդիան Արմենիա» ընկերությունն այս գիշեր հանել է Ամուլսարի շրջակայքում հանրային սեփականություն հանդիսացող տարածքում տեղադրված, բնակիչներին ու բնապահպաններին պատկանող հենակետը։
Ոստիկանությունից չմեկնաբանեցին, սակայն, մեր դիտարկումը, որ այդպիսով, փաստորեն, Ընկերությունը խախտել է Ջերմուկի ոստիկանության բաժնի պետ, ոստիկանության մայոր Ա․ Արմենակյանի տրամադրած փաստաթղթի այն հիմունքը, ըստ որի՝ շարժական տնակները չեն գտնվում Ընկերությանը պատկանող անշարժ գույքային միավորների տարածքում։
Այս հարցով ոստիկանության ձեռնարկած կամ ձեռնարկելիք միջոցառումների մասին մանրամասներ չհայտնեց նաեւ կառույցի լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը՝ նշելով միայն, որ տեղում ուսումնասիրություններ են կատարվում։
«Լիդիան Արմենիա»-ից Infocom-ի հետ զրույցում մեկնաբանեցին, թե հանված շարժական տնակը գտնվել է ընկերության տարածում։ Մեր դիտարկմանը՝ ոստիկանության մայորի տրամադրած փաստաթղթում հակառակն է արձանագրված, ընկերության մամուլի ծառայությունից արձագանքեցին, որ սրա վերաբերյալ առանձին հաղորդագրությամբ հանդես կգան։
Նշենք, որ ոստիկանության մայոր Ա․ Արմենակյանը 2020 թվականի փետրվարին տրամադրել է փաստաթուղթ, որով հստակեցվել է, թե Ամուլսարի շրջակայքում ճանապարհի որ տարածքն է Ընկերությանը, որը՝ հանրային սեփականություն։ Ոստիկանությունը նաև տեղեկացրել են, որ ողջ գործընթացը տեսանկարահանվել է։ Ոստիկանության հսկողությամբ իրականացված ուսումնասիրությամբ, պարզվել է, որ շարժական տնակները չեն գտնվում ընկերությանը պատկանող անշարժ գույքային միավորների տարածքում, ինչպես նաեւ այդ հողամասերում բացակայում են ֆիզիկական անձինք, հետեւապես` ներխուժում առկա չէ: Ընկերությունը չի մասնակցել նշագրումներին․ հղում անելով ղեկավարության թույլտվության բացակայությանը՝ հրաժարվել են մասնակցությունից։
Ավելի ուշ «Լիդիանը» տարածեց հաղորդագրություն՝ «Լիդիանը» սեփական տարածքից հեռացրել է ապօրինի գույքը» գլխագրով՝ նշելով, թե «Լիդիան Արմենիան» ունի Ամուլսարի տարածքում աշխատանքներ իրականացնելու բոլոր թույլտվությունները, որոնք որևէ կերպ չեն չեղարկվել կամ նույնիսկ ժամանակավոր չեն դադարեցվել, իսկ Ամուլսարում աշխատանքերի իրականացման միակ խոչընդոտը, ինչպես ասված է հաղորդագրության մեջ, եղել է արդեն երկու տարի ապօրինի կերպով «Լիդիանի» տարածք ներխուժած անձանց խումբը։
««Լիդիանը» երկու տարի փորձել է խուսափել բախումներից, ապավինելով օրենքի կիրառմանը, որն այդպես էլ երկու տարվա ընթացքում տվյալ հարցում չկիրարկվեց։ Հիշեցնենք, որ 2019 թ. ապրիլին ՀՀ վարչական դատարանը պարտավորեցրել է ոստիկանությանը վերացնել ներխուժումը և հեռացնել անձանց ու նրանց գույքը ընկերությանը պատկանող տարածքից։ Այս տարվա հուլիսին «Լիդիանը» ստացավ ևս մեկ փորձագիտական եզրակացություն, որ վագոն-տնակները գտնվում են «Լիդիանի» տարածքում։ Քանի որ ոստիկանությունը ընկերության դիմումին հերթական անգամ չարձագանքեց, «Լիդիանը» սեփական տարածքից ապօրինի գույքը հեռացրել է ինքնուրույն։
Ամուլսարում ապօրինություն իրականացնող խումբը, տեսնելով, որ չունեն համայնքի բնակիչների աջակցությունը, փորձում է բախումներ հրահրել` Երևանից հավաքվող սադրիչների խմբով արհեստական աղմուկ բարձրացնելով։ Կոչ ենք անում համայնքների բնակիչներին չտրվել սադրանքի և զերծ մնալ խուլիգանություն իրականացնող խմբի հետ բախումներից։ Կոչ ենք անում իրավապահ մարմիներին հետամուտ լինել այս տարածքում օրինականության վերակագնմանը և ապահովել քաղաքացիների անվտանգությունը»,- ասված է Ընկերության հաղորդագրության մեջ։
Լուսանկարը՝ Hetq.am-ի
comment.count (0)