Կարճաժամկետ լուծման համար մեր պահանջը եղել և մնում է վագոն-տնակների, ըստ մեզ, ապօրինի տեղակայումը․ դրանք ամենաքիչը 30 մետր պետք է հետ գնան։ Այս մասին քիչ առաջ Ամուլսարում իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը։
«Բոլորս էլ գիտենք, որ ինչ այդ պահնորդները, որ մեկ ամիս առաջ եկել են այստեղ, առաջին օրվանից եղել է սրված վիճակ։ Երեկ ականատես եղանք նրանց սադրանքներին, հիմա եթե նույնիսկ ոստիկանները չխոստովանեն, մարդկանց մեծ մասը տեսավ, թե ինչպես էին նրանք նաև ոստիկանության հետ բռնի ինչ-որ վարքագիծ ցուցաբերում, ինչի արդյունքում բերման են ենթարկվել, և հուսով եմ՝ իրենց վարքը կստանա արժանի իրավական գնահատական»,- ասաց նա։
Բունիաթյանն ընդգծեց, որ իրենց հաջորդ և հիմնական պահանջն այն է, որ հարցը ստանա վերջնական հանգուցալուծում։ «Երբ վերականգնվի ստատուս-քվոն, իրենց վագոն-տնակները գնան մի կողմ, մենք նորից մեր տնակները տեղադրենք, ի՞նչ է, մենք պատրաստվում ենք մի երկու տարի է՞լ մնանք, քնենք այստեղ ու պայքարենք։ Սա՞ է մեր ուզածը։ Ո՛չ։ Ուրեմն՝ մեր կառավարությունից պետք է պահանջենք քաղաքական կամք, որ այս հարցին արագ լուծում տա, որովհետև ճիշտ չէ, երբ քո ժողովրդին տանում ես հյուծման, չգիտեմ․․, անիմաստ է դառնում, կորում է վստահությունը կառավարության նկատմամբ»,- նշեց նա։
Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանի խոսքերով՝ իրենք, 2,5 տարի շարունակ զոհելով իրենց, ընտրել են պայքարի մի ձև, որը չի խոչընդոտել կառավարության ազատ գործունեությանը։ «Ուղղակի ֆիզիկապես 2,5 տարի այստեղ գտնվելով՝ մենք պահել ենք Ամուլսարը, չենք խոչընդոտել, չենք խանգարել, Երևանում փողոցներ չենք փակել, միջպետական մայրուղիներ չենք փակել, իսկ այսօր իրենք միջոց են ձեռնարկել, մեր մշտական խաղաղ հավաքի վայրը քանդել են՝ այսպիսով ստիպելով մեզ օգտվել ՀՀ քաղաքացու մեր իրավունքներից և Հայաստանի ցանկացած վայրում ինքնակազմակերպվել ու ինքնաբուխ ձևով անել ակցիաներ Ամուլսարի փրկության համար»,- ասաց նա։
Բունիաթյանը շեշտեց՝ հիմա այստեղ են ակցիա անում, բայց եթե ամեն ինչ գնում է նրան, որ իրենց քաղաքի ճանապարհը փակելով չեն ստանալու արձագանք, ուրեմն՝ իրենց հաջորդ ակցիաները կկազմակերպեն տարբեր վայրերում։
«Եվ ուզում եմ ընդգծել՝ ամեն ինչ անելու ենք ոչ բռնի եղանակով, չենք տրվելու սադրանքների։ Մի օր Երևանում կանենք, մի օր, մեր վարչապետի օրինակին հետևելով, միջպետական ճանապարհ կփակենք, էս բոլոր իրավունքներն ունենք։ Մեզ՝ մեր խաղաղ հավաքի վայրից հեռացնելով՝ մեր դիրքորոշումը չի փոխվում․ Ամուլսարի փրկության համար կանգնելու ենք մինչև վերջ, պայքարելու ենք թույլատրելի բոլոր ձևերով»,- ասաց Ջերմուկի բնակիչ, բողոքի ակցիայի մասնակից Շիրակ Բունիաթյանը։
comment.count (0)