Բելառուսում երեկ տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որտեղ հիմնական պայքարը գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, ու ընդդիմադիր Սվետլանա Տիխանովսկայայի միջև, որն իր թեկնածությունը առաջադրեց այն բանից հետո, երբ ձերբակալեցին իր ամուսնուն՝ Սերգեյ Տիխանովսկիին։ Վերջինս հավակնում էր մասնակցել ընտրություններին որպես թեկնածու, իսկ Լուկաշանկոյի համար հաղթանակի դեպքում սա կլինի 6-րդ պաշտոնավարումը․ նա Բելառուսի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 1994թ. հուլիսից։ Հայտնում է svoboda.org-ը։

Ստորև ներկայացնում ենք երեկվա իրադարձությունների համառոտ ժամանակագրությունը.

•  Ընտրողների ակտիվությունը բավականին բարձր էր․ պաշտոնական տվյալներով քվեարկել է ընտրողների ավելի քան 81 տոկոսը: Շատ ընտրատարածքներում գոյացել էին հսկայական հերթեր, ինչի պատճառով ոչ բոլոր ցանկացողները հասցրին քվեարկել, ինչը դժգոհության առաջացրեց մարդկանց մոտ. 

•  Այս պահի դրությամբ պաշտոնապես հրապարակվել են միայն փակ ընտրատարածքների տվյալները, ըստ որոնց՝ գործող նախագահը հավաքել է 81 տոկոսից ավելի, Սվետլանա Տիխանովսկայան՝ 8 տոկոս։ Պաշտոնական էքզիթ փոլի տվայլները նույն պատկերն են արտացոլում, մինչդեռ, ըստ անկախ էքզիթ փոլների տվյալների՝ արդյուքնները ամբողջությամբ հակառակն են: 

•  Տիխանովսկայայի շտաբի ներկայացուցիչները, հիմնվելով Մինսկի ու մի շարք այլ տարածաշրջանների արձանագրությունների վրա, ցույց են տալիս, որ իրենց թեկնածուն շատ դեպքերում հավաքել է ավելի շատ ձայն, քան Լուկաշենկոն:

•  Ընտրատեղամասերի փակվելուց և պաշտոնական էքզիթ փոլի տվյալների հարապարակումից անմիջապես հետո Մինսկում ու Բելառուսի այլ քաղաքներում հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց՝ պահանջելով ձայների արդար հաշվարկ և Լուկաշենկոյի հրաժարական: Բախումներ սկսվեցին ոստիկանության ու հատուկ նշանակության ջոկատների հետ, որոնք հատկապես ուժգին էին մայրաքաղաք Մինսկի կենտրոնում:

•  Տվյալներ են հաղորդվում տասնյակ, անգամ հարյուրավոր բերման ենթարկվածների մասին, ըստ անկախ լրատվամիջոցների՝ կան նաև վիրավորներ: Բախումներ և ձերբակալություններ տեղի են ունեցել նաև Բրեստում, Վիտեբսկում, Մոգիլևում ու Բելառուսի այլ քաղաքներում:

•  Տեղի ունեցող դժգոհությունների կապակցությամբ Բելառուսի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է տեղական օպերատիվ շտաբների ձևավորման մասին: Միաժամանակ, Մինկսի ոստիկանությունը հերքել է տեղեկությունն այն մասին, որ ցուցարարների դեմ կիրառվել են լուսաձայնային նռնակներ ու ջրցան մեքենաներ:

Ինչպես հաղորդում է ria.ru-ն, Բելառուսի Քննչական կոմիտեն հայտնում է, որ քրեական գործեր են հարուցվել զանգվածային անկարգությունների ու ոստիկանության դեմ կիրառված բռնությունների փաստերով:  Ցույցերի կազմակերպիչները կարող են դատապարտվել 8-15 տարվա ազատազրկման:

Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի