Այսօր՝ օգոստոսի 10-ին, Հեռուստատեսութայն և ռադիոյի հանձնաժողովում կայացել է հանդիպում տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորների հետ:

Հանդիպման նպատակը, որին մասնակցել են ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը, գլխավոր քարտուղար Սմբատ Խաչատրյանը, իրավաբանական և լիցենզավորման վարչության ներկայացուցիչները, «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի մեկնաբանությունն էր՝ մասնավորապես այն դրույթները, որոնցով կարգավորվելու է դիստրիբյուտորների գործունեությունը:

Տիգրան Հակոբյանն իր խոսքում նշել է, որ համաձայն օրերս ուժի մեջ մտած «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի այսուհետ նրանց գործունեությունը կարգավորվելու է Հանձնաժողովի կողմից, որը նոր է երկու կողմի համար:

Այնուհետ իրավաբանական և լիցենզավորման վարչության պետ Դավիթ Մարգարյանը մանրամասնել է օրենքի դրույթները, պատասխանելով ներկաների հարցերին:

Հիշեցնենք, որ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը ՀՀ նախագահի կողմից ստորագրվել է օգոստոսի 5-ին, ուժի մեջ մտել՝ 7-ին: