Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի նախկին տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը ստորագրությամբ ազատ է արձակվել |hetq.am|
17:53 - 10 օգոստոսի, 2020

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի նախկին տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը ստորագրությամբ ազատ է արձակվել |hetq.am|

hetq.am: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի նախկին տեղակալ Նիկոլայ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն  անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ): Այս մասին ասաց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը` նշելով, որ Նիկոլայ Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Օհանջանյանը նաև հաստատեց տեղեկությունն այն մասին, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին անդամ Շիրազ Կիրակոսյանին կալանավորելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը։

Մինչև այս պահը պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ՀՔԾ-ն հայտնել է 4 մեղադրյալի մասին։ Վերը նշված անձանցից բացի՝ մեղադրյալի կարգավիճակ ունեն նաև Հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանն ու նախկին անդամ Մուշեղ Կոշեցյանը։ Վերջինս մեղադրյալներից միակն է, ով այս պահին կալանքի տակ է։

Ինչպես տեղեկացրել է Հատուկ քննչական ծառայությունը,  քրեական գործի նախաքննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ Ռոբերտ Նազարյանի և հանձնաժողովի վերը նշված անդամների գործողությունների պատճառով «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության հիդրոէլեկտրակայանից արտադրված և առաքված էլեկտրական էներգիայի վաճառքի համար 2012-2019 թվականների ընթացքում սահմանվելիք սակագների փոխարեն նույն ժամանակահատվածների համար սահմանվել են կրկնակին գերազանցող սակագներ, որի հետևանքով «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության կողմից ՀՀ-ում էլեկտրաէներգիա սպառող ֆիզիկական և իրավաբանական անձանցից հավելյալ ստացվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7,052,065,099 ՀՀ դրամ գումար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել