Թվերի նվազմանը զուգահեռ դիմակ չկրելու համար տուգանվող քաղաքացիների թվի էական աճ ունենք․ Նիկոլ Փաշինյան
12:07 - 12 օգոստոսի, 2020

Թվերի նվազմանը զուգահեռ դիմակ չկրելու համար տուգանվող քաղաքացիների թվի էական աճ ունենք․ Նիկոլ Փաշինյան

Հույս ունեմ՝ վերջին անգամ ենք երկարացնում արտակարգ դրության ժամկետը։ Հիմա մենք ստիպված ենք ևս մեկ անգամ արտակարգ դրությունը երկարացնել։ Այս անգամ արտակարգ դրության ռեժիմը կլինի ավեի մեղմ։ Այս մասին այսօր կառավարության արտահերթ նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետն իր խոսքում մասնավորապես նշեց․

«Դիմակների պատշաճ կրման դեպքում կարող ենք արձանագրել, որ կորոնավիուսի հետ կապված խնդիրը լուծել ենք։ Մենք այսօր շանս ունենք աշնանն ընդհանրապես լինել բոլորովին ուրիշ վիճակում՝ հաղթահարման վիճակում՝ անկախ նրանից, թե աշխարհում ինչ կկատարվի։ Դա կլինի, եթե մենք պահենք մեր ռազմավարությունը։ Այն դեպքում, եթե սովորենք ապրել կորոնավիրուսի հետ։ Դա նշանակում է մեկ բան՝ դիմակի կրման բացառիկ կարգապահություն։ Եթե մենք դիմակի կրման պատճաշ մակարդակ ապահովենք, կարող ենք արձանագրել, որ գործնականում կորոնավիրուսի հետ կապված խնդիրը լուծել ենք։ Եթե ոչ, էլի գլորվելու ենք հուլիսի վիճակին։

Մենք տեսնում ենք, որ աշխարհի որոշ երկրներում, այսպես ասած, երկրորդ ալիք է սկսվել: Նույնիսկ կան երկրներ, որոնք հայտարարել էին կորոնավիրուսը հաղթահարելու մասին, սակայն այսօր էլի վերադարձել են սահմանափակումներին:

Մեր առողջապահական համակարգը պատրաստ է այդ սցենարին, քանի որ հզորությունները հասցվել են բարձր մակարդակի։ Ես գիտեմ, որ տուգանքների մասով դժգոհություններ կան: Դրա համար կա շատ պարզ ձև՝ պետք է դիմակ կրել ու չտուգանվել: Կրիր դիմակ ու մի տուգանվիր, մինչև պատվաստանյութի հարցը կլուծվի:

Այսօր այս թվերի նվազմանը զուգահեռ դիմակ չկրելու համար տուգանվող քաղաքացիների թվի էական աճ ունենք։ Սա նշանակում է, որ թվերի նվազման մասին ուղերձը մեր քաղաքացիները չափից ավելի լավատեսորեն են ընդունում:

Մեր թիվ մեկ գործընկերը քաղաքացին է, ում խնդրում ենք կրկնապատկել զգոնությունն ու կարգապահությունը: Ժամանակը ցույց տվեց, որ կարգապահությունն արդյունք է բերում: Պետք չէ սեփական ձեռքերով քանդել սեփական ստեղծած արդյունքը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել