Օտարերկրյա քաղաքացիների մուտքի սահմանափակումների մեղմացումը տարբեր երկրներում |armenpress.am|
20:35 - 16 օգոստոսի, 2020

Օտարերկրյա քաղաքացիների մուտքի սահմանափակումների մեղմացումը տարբեր երկրներում |armenpress.am|

armenpress.am: Չնայած Հայաստանում արտակարգ դրության երկարաձգմանը ևս մեկ ամսով՝ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված սահմանափակումները մեղմացվում են: Դրանցից մեկը ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց՝ Հայաստան մուտք գործելու արգելքի չեղարկումն է: Դա նշանակում է, որ օտարերկրյա քաղաքացիները կարող են մուտք գործել Հայաստան, սակայն միայն օդային ճանապարհով. ցամաքով սահմանը հատելու արգելքը դեռևս շարունակում է գործել:

Հայաստանում դեռ մարտին արտակարգ դրություն հայտարարելու ժամանակ ՀՀ կառավարության մարտի 16-ի որոշմամբ  ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը երկիր արգելվել էր՝ բացառությամբ որոշ առանձին դեպքերի: Նման քաղաքականություն են որդեգրել աշխարհի գրեթե բոլոր պետությունները` համավարակի պայմաններում արգելելով կամ խիստ սահմանափակելով օտարերկրացիների մուտքը երկրի տարածք և միայն սեփական քաղաքացիներին թույլատրելով վերադառնալ հայրենիք:

Վերջին ամիսներին աշխարհում Covid-19-ի տարածման տեմպերի որոշակի նվազմամբ պայմանավորված, ինչպես Հայաստանը, այնպես էլ մի շարք երկրներ, մեղմացնում են իրենց տարածք օտարերկրացիների մուտքի հետ կապված սահմանափակումները: Այսպես, Եվրամիության  անդամ շատ երկրների միջև ներքին սահմաններն արդեն բաց են, և որոշումներ են ընդունվում այլ երկրների համար ԵՄ արտաքին սահմանների բացման նպատակահարմարության վերաբերյալ՝ կախված տվյալ երկրներում համաճարակաբանական իրավիճակից: Սակայն, օրինակ, Ավստրիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Պորտուգալիայի, Իսպանիայի, Ռումինիայի, Հունգարիայի, Լեհաստանի, Սլովակիայի, Բելգիայի, Ֆրանսիայի, Լյուքսեմբուրգի և Չեխիայի դեպքում Շենգենի գոտու մեջ չմտնող և Եվրամիության անդամ չհանդիսացող պետությունների քաղաքացիների համար մուտքը սահմանափակ է:

Չինաստան մուտք գործելու համար, օրինակ, պահանջվում է COVID-19-ի ՊՇՌ-թեստ հանձնել թռիչքից 5 օր առաջ, ընդ որում՝ թեստը պետք է կատարվի երկրի միայն այն լաբորատորիաներում, որոնց հավանություն է տվել տվյալ երկրում Չինաստանի դեսպանատունը կամ հյուպատոսությունը: Օտարերկրյա քաղաքացիները պետք է նաև ՉԺՀ-ի դիվանագիտական ներկայացուցչությունում «առողջության վիճակի մասին ծանուցում» ստանան:

ԱՄՆ նախագահ Դ. Թրամփի կողմից մարտ ամսին սահմանված օտարեկրացիների մուտքի սահմանափակումները դեռևս պահպանվում են: Հուլիսի կեսին մուտքի սահմանափակումը չեղարկվել է միայն ԱՄՆ-ում կրթություն ստացող եվրոպացի ուսանողների համար:

Համավարակի տարածմամբ պայմանավորված` Ռուսաստանը ևս երկրի տարածք օտարերկրյա քաղաքացիների մուտք գործելու հետ կապված խիստ սահմանափակումներ է կիրառել, որոնք առ այսօր շարունակում են գործել: Մասնավորապես, ՌԴ կառավարության մարտի 16-ի կարգադրության համաձայն՝ ժամանակավորապես սահմանափակվել է օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը Ռուսաստանի Դաշնություն: Բացառությունները վերաբերում են հիմնականում դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին և տարանցմամբ այլ երկրներ մեկնողներին: Մեկ այլ կարգադրությամբ թույլատրվել է ԱՊՀ անդամ երկրների, ինչպես նաև Աբխազիայի և Հարավային Օսետիայի քաղաքացիներին մուտք գործել ՌԴ տարածք՝ իրենց քաղաքացիության երկիր վերադառնալու նպատակով:

Նման տարանցումը իրականացվում է տվյալ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների հետ անմիջական համագործակցությամբ և համաձայնեցմամբ: Մարտի 25-ին առանձին կարգադրությամբ սահմանվել են օտարերկրյա քաղաքացիների այն կատեգորիաները, ում թույլատրվում է մուտք գործել Ռուսաստան: Այդ կատեգորիաներն ընդհանուր առմամբ ներառում են հետևյալ անձանց. դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների աշխատակիցներ և նրանց ընտանիքի անդամներ, պաշտոնական պատվիրակությունների անդամներ, բեռնափոխադրումներ իրականացնող վարորդներ,  օտարերկրյա քաղաքացիներ, ովքեր ստացել են ՌԴ մուտքի վիզա՝ պայմանավորված մտերիմ հարազատի մահվամբ կամ այլ նպատակով ՌԴ ԱԳՆ-ի կողմից մուտքի վիզա ստացած օտարերկրացիներ, ՌԴ վերադարձող ՌԴ քաղաքացիների ընտանիքի անդամ հանդիսացող անձինք (ամուսիններ, ծնողներ, երեխաներ, որդեգրողներ, որդեգիրներ), խնամակալներ և հոգաբարձուներ:

 

Շարունակությունը՝ armenpress.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել