ԵՄ-ն և ԱՀԿ-ն Հայաստան են առաքում COVID-19-ի ախտորոշման թեստեր և անհրաժեշտ բժշկական պարագաներ

 |armenpress.am|
17:42 - 08 սեպտեմբերի, 2020

ԵՄ-ն և ԱՀԿ-ն Հայաստան են առաքում COVID-19-ի ախտորոշման թեստեր և անհրաժեշտ բժշկական պարագաներ |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական միությունը և ԱՀԿ-ն ՀՀ առողջապահության նախարարությանն են փոխանցել 100 թթվածնի խտացուցիչ, 20 էլեկտրասրտագրության սարք և 10,000 ՊՇՌ թեստ՝ COVID-19-ի ախտորոշման համար: Այս մասին հայտնեցին ՀՀ-ում ԵՄ գրասենյակից:

ԱՀԿ-ի կողմից ԵՄ աջակցությամբ ձեռք բերված պարագաները կօգնեն բարձրացնել թեստավորման կարողությունները և օգնել հիվանդներին ապաքինվել COVID-19-ի հետևանքով առաջացած ծանր հիվանդությունից:

Թթվածնի խտացուցիչները COVID-19-ով հոսպիտալացված հիվանդներին թթվածնով ապահովելու ոչ ինվազիվ միջոց են: Նման հավելյալ թթվածինն առաջին անհրաժեշտ քայլն է COVID-19-ի ծանր ընթացքի դեպքում արյան մեջ թթվածնի ցածր մակարդակ ունեցող հիվանդների բուժման համար:

Էլեկտրասրտագրության սարքն օգնում է բուժաշխատողներին լսել հիվանդի սիրտը և հետևել, որ բարդություններ չառաջանան: ԷՍԳ սարքը հատկապես կարևոր է ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում բուժվող հիվանդների համար:

Առաքված 10,000 թեստերը կապահովեն հիվանդների ժամանակին հայտնաբերում, մեկուսացում և կառավարում, ինչը կարևոր է ինչպես հիվանդների խնամքի, այնպես էլ երկրում համաճարակի զսպման համար: Թեստերը պատկանում են ԱՀԿ-ի կողմից երաշխավորված որակի պարագաների ցանկում ընդգրկված տեսակին և ճշգրիտ արդյունքներ են ապահովում ընդամենը 75 րոպեում: Մշակման այս կարճ ընթացքը խնայում է բուժանձնակազմի ժամանակն ու էներգիան, օգնում է նվազեցնել մարդկային սխալների հավանականությունը և թույլ է տալիս մեկ օրվա ընթացքում թեստավորել ավելի շատ քաղաքացիների:

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ԱՀԿ հայաստանյան ներկայացուցիչ Եգոր Զայցևը, ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն այցելել են «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ՝ թեստերի և սարքավորումների առաքանին ստանալու համար:

ԵՄ դեսպանը և ԱՀԿ ներկայացուցիչը թեստերն ու սարքավորումները փոխանցել են ՀՀ առողջապահության նախարարությանը՝ երկրում COVID-19-ի տարածումը կանխելու ուղղությամբ տրամադրվող օժանդակության առավել լայն փաթեթի շրջանակում: Թեստերն ու սարքավորումները կտրամադրվեն ազգային լաբորատորիային և առողջապահական հաստատություններին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել