Մենք շարունակում ենք բարելավման վիճակում գտնվել, առաջիկա մեր ամենամեծ ռիսկը դպրոցների բացումն է․ Նիկոլ Փաշինյան

Անդրադառնալով նոր տիպի կորոնավիրուսի իրավիճակին ցանկանում եմ տեղեկացնել, որ վերջին 20 օրում մենք ամենօրյա ռեժիմով ունենում ենք 200-ից պակաս նոր դեպքեր, սա ընդհանուր առմամբ բարելավում է, բայց նաև ունենք բարելավման մեկ այլ ցուցանիշ։ Այս մասին այսօր կառավարության նիստի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս իր խոսքում մասնավորապես նշեց․

«Ակտիվ դեպքերի թիվը էականորեն նվազել է և մենք այս պահի դրությամբ ունենք 3000-ից պակաս ակտիվ դեպք, այսինքն՝ դրական ախտորոշմամբ և բուժման մեջ գտնվող քաղաքացիների թիվը։ Շատ կարևոր  է նաև արձանագրել, որ ամենօրյա թեստերի թիվը աննախադեպ բարձր է և շատ կարևոր է արձանագրել, որ հայտնաբերման տոկոսը, այսինքն դրական տոկոսը ցածր է, ինչը համարվում  է հայտնաբերելիության բարձր աստիճան։

Մենք մոտ 5-8  տոկոսի շրջանակում ենք, ինչը միջազգայնորեն համարվում է հայտնաբերման բարձր ցուցանիշ, իսկ սա շատ կարևոր է, քանի որ, երբ մարդը կամ նրա շրջապատը գիտեն, որ վարակված են, դա անխուսափելիորեն վարքի վրա ազդում է, անկախ նրանից հիվանդն ասիմպտոմ է, թե ոչ։

Այս առումով կարծում եմ, որ մենք շարունակում ենք բարելավման վիճակում գտնվել և առաջիկա մեր ամենամեծ ռիսկը այս դինամիկան խախտելու՝ դպրոցների բացումն է, այս առումով կայացվել են որոշումներ, որոնք հասկանալիորեն միանշանակ չեն ընդունվում հանրության կողմից, պահանջներից մեկն էլ այն է, որ երեխաները դպրոցում չկրեն դիմակ։

Ես ուզում եմ արձանագրել հետևյալը, որ մենք պարտադրված ենք անել նման քայլեր, որպեսզի թույլ չտանք վերադառնալ համաճարակային նոր ճգնաժամի, կան մեկնաբանություններ, որոնք ուղղակի զարմացնում են։ Ես ուզում եմ ասել, որ բոլոր հակահամաճարակային կանոնները, որոնք ընդունում ենք, առաջին հերթին մենք ինքներս ենք կիրառում դրանք և պահպանում, և այն որոշումները որոնք կայացվում են վերաբերվում են ոչ միայն ուրիշների, այլև մեր երեխաներին նույնպես։

Մեր երեխաները ո՛չ դպրոցներում, ո՛չ մանկապարտեզներում ո՛չ էլ այլ տեղ արտոնյալ չեն, այնպես որ մենք կգնանք այս ճանապարհով, բայց նաև ընթացքում կանենք մոնիտորինգ։ Մեր նպատակն է կամաց- կամաց դուրս գալ այս սահմանափակումների ռեիմից, մենք կիրականացնենք մոնիտորինգ և համապատասխան որոշումներ կկայացնենք, որպեսզի մեր երեխաները օր առաջ լիարժեք շնչեն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն