ԱՀԿ-ն Եվրոպայում կանխատեսում է մահացության ցուցանիշների աճ, իսկ Մեծ Բրիտանիայում պացիենտներին կտան սինթետիկ հակամարմիններ |hetq.am|
10:54 - 15 սեպտեմբերի, 2020

ԱՀԿ-ն Եվրոպայում կանխատեսում է մահացության ցուցանիշների աճ, իսկ Մեծ Բրիտանիայում պացիենտներին կտան սինթետիկ հակամարմիններ |hetq.am|

hetq.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի գծով տնօրեն Հանս Կլյուգեն, «Ֆրանսպրես» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ, հայտարարել է, որ Եվրոպայում հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին կաճի կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը։ «Դժվար կլինի .... հոկտեմբերին և նոյեմբերին մենք կտեսնենք մահացության բարձր ցուցանիշներ»,- նշել է Կլյուգեն։ Վարակման ցուցանիշների աճը հատկապես տեսանելի է Իսպանիայում և Ֆրանսիայում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհան Գեբրեյեսուսն էլ սեպտեմբերի 14-ին հայտարարել է, որ ծանր իրավիճակը դեռ ոչ մի տեղ չի անհետացել։

Անգլիայում ուժի մեջ է մտնում վեց հոգուց ավելի մարդկանց մի վայրում հավաքվելու արգելքի մասին որոշումը։ Սեպտեմբերի 14-ի առավոտյան պետական պաշտոնյաները և ոստիկանության ներկայացուցիչները հերթական անգամ զգուշացրել են, որ բոլոր նրանք, որոնք կխախտեն այս պայմանը, կտուգանվեն։ Սահմանափակումը տարածվում է ինչպես փակ վայրերում, այնպես էլ փողոցում։ Ընդ որում, արգելքը տարածվում է միայն սոցիալական շփումների մասով հավաքների վրա, ինչը ենթադրում է, որ այն չի տարածվի գրասենյակների աշխատանքի վրա։ Ընդ որում, Անգլիայի մի շարք շրջաններում գործում են ինչպես ավելի խիստ, այնպես էլ ավելի մեղմ կանոններ, որոնք ընդունվել են քաղաքային կամ շրջանային իշխանությունների մակարդակով։

Կանոնն առաջին անգամ խախտելու դեպքում՝ անձը կտուգանվի 100 ֆունտով, սակայն յուրաքանչյուր հաջորդ խախտման դեպքում տուգանքը կրկնապատկվի, ընդհուպ մինչև 3200 ֆունտ։ Ընդ որում, հնարավոր է, որ Մեծ Բրիտանիայում առաջիկա ամիսներին կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը բարելավվի։ Իշխանությունները հայտարարել են, որ առաջիկա շաբաթներին կփորձեն հիվանդներին տալ սինթետիկ հակամարմիններ, որոնք արտադրվել են ամերիկյան «Regeneron» ընկերության կողմից։ Դրանք գործում են ինչպես բնական հակամարմինները և կարող են օգնել կրճատելու կորոնավիրուսից մահացության ցուցանիշները։

Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի առողջապահության դեպարտամենտի ղեկավար Ջանեթ Յանգը, սպանության սպառնալիքների պատճառով, անցել է ոստիկանության պահպանության տակ։ Նա նշում է, որ այդպես իրեն ավելի անվտանգ է զգում։ Սպառնալիքները, հավանաբար, պայմանավորված են նահանգային իշխանությունների որոշմամբ, որը ենթադրում է կորոնավիրուսի պատճառով հարևան նահանգների հետ սահմանների փակում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել