ՊԵԿ-ը նպատակահարմար չի համարում հետաձգել հագուստի մաքսազերծման նոր կարգին անցումը |armenpress.am|
14:32 - 17 սեպտեմբերի, 2020

ՊԵԿ-ը նպատակահարմար չի համարում հետաձգել հագուստի մաքսազերծման նոր կարգին անցումը |armenpress.am|

armenpress.am: Պետական եկամուտների կոմիտեն նպատակահարմար չի համարում հետաձգել հագուստի մաքսազերծման նոր կարգի անցումը, ըստ որի հագուստն ու կոշիկն արդեն մաքսազերծվում են ոչ թե կիլոգրամով, այլ հատով: Այս մասին ԱԺ-ում ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի առաջարկին:

Մելքումյանն առաջարկեց կորոնավիրուսի ճգնաժամի ընթացքում, երբ սոցիալական որոշակի լարվածություն կա, հանրության հետ էլ համաձայնության գալ՝ որոշակի ժամանակով պահել միջանկյալ շրջանը, որում հագուստը կրկին կշարունակվի մաքսազերծվել կիլոգրամով, հետո նոր անցում կատարել նոր կարգին:

ՊԵԿ նախագահն արձագանքեց՝  եթե հարցը ժամանակին չի հանրայնացվել, չի նշանակում, թե այդ դաշտի հետ պայմանավորվածություն չեն կնքել: «Այս անցումը նախատեսված է եղել 2020 թվականի ապրիլի 1-ից, բոլոր տնտեսավարողները տեղյակ են եղել: Հնարավոր է, որ լինեն 1-2 տոկոս տնտեսավարողներ, որոնք տեղյակ չեն եղել: Ես չեմ կարծում, որ պետական մարմինը պետք է պարտադիր հանրային համաձայնությամբ ամրագրի իր գործողությունների հետագա պատկերացումները: Եվ այդ պայմանավորվածությունը եղել է, ես նպատակահարմար չեմ համարում ժամկետի հետաձգում»,-ասաց նա ու նշեց՝ դա իրենց դիրքորոշումն է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել