armenpress.am: Դպրոցում դիմակ կրելու մասին դատարանի որոշում չկա. փաստաբան Գեղամ Սիմոնյանի սոցիալական ցանցի միջոցով տարածած տեղեկությունն այն մասին, որ դպրոցում դիմակ կրելու պահանջը և մյուս սահմանափակումներն ապօրինի են և հաստատված դատարանի որոշմամբ, չի համապատասխանում իրականությանը:

Դատական տեղեկատվական համակարգում հրապարակված դատարանի որոշումը փաստում է, որ փաստաբան Գեղամ Սիմոնյանի կողմից ներկայացված դիմումը, կից փաստաթղթերով վերադարձվել է. «Դիմումում թույլ տրված սխալները վերացնելու և որոշումը ստանալու օրվանից հետո` տասնհինգօրյա ժամկետում վարչական դատարան կրկին ներկայացվելու դեպքում՝ այն վարույթ ընդունված է համարվում սկզբնական ներկայացման օրը»:

Բացի դրանից, փաստաբանը, մեջբերելով դատարանի որոշումը, նշում է, որ վարչական դատարանը 5 դատավորի կազմով հաստատված է համարել, որ Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցը նորմատիվ իրավական ակտ չէ և ենթակա չէ կիրառման և կատարման։ «Ինչից հետևում է, որ սկսած սեպտեմբեր 15-ից դպրոցներում կիրառվող սահմանափակումներն ապօրինի են և ոչ ոք իրավասու չէ այդ կարգը երեխաներին և ուսուցիչներին պարտադրել»,-նշում է նա։

Սակայն առհասարակ փակ տարածքներում, մասնավորապես՝ դպրոցում դիմակ կրելու արգելքը սահմանվում է ուղեցույցից ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող փաստաթղթով՝ ՀՀ առողջապահության նախարարի՝ Անհատական պաշտպանության միջոցների ցանկը, կիրառման դեպքերն ու կարգը, սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները հաստատող՝ սեպտեմբերի 11-ի հրամանով, որի համաձայն՝ փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է բոլորի համար, բացառությամբ մինչև 5 տարեկան երեխաների, բնակության վայրում, անձնական ավտոմեքենաներով երթևեկելիս, ծխելիս, խմելիս, սնվելիս, ինչպես նաև Առողջապահության նախարարի կողմից հաստատված սանիտարական կանոններով սահմանված այլ դեպքերի:

Այսպիսով, դպրոցներում դիմակ կրելը պարտադիր է, քանի որ ոչ միայն չկա դատարանի որոշում՝ դիմակ կրելու ապօրինի լինելու վերաբերյալ, այլև դատարանում հարցի վիճարկումն արվել է սխալ, չի մատնանշվել իրավական նորմատիվային ակտ հանդիսացող համապատասխան փաստաթուղթը, որը նախարարի հրամանն է: