Գնդեվազում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ երեք ջերմուկցի է ձերբակալվել՝ խուլիգանության կասկածանքով. քաղաքացիներն ինքնաբուխ հավաք են անում
19:50 - 22 սեպտեմբերի, 2020

Գնդեվազում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ երեք ջերմուկցի է ձերբակալվել՝ խուլիգանության կասկածանքով. քաղաքացիներն ինքնաբուխ հավաք են անում

Ջերմուկի բնակիչ, Ամուլսարի պահապան Շիրակ Բունիաթյանը ֆեյսբուքյան իր էջում այսօր հայտնել է, որ առավոտյան բերման են ենթարկվել Ջերմուկի երեք քաղաքացիներ՝ վերջին օրերին Գնդեվազում տեղի ունեցած ինչ-որ միջադեպի առնչությամբ։

Infocom-ը ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացավ, որ Ջերմուկի երեք քաղաքացիները ձերբակալվել են՝ խուլիգանության կասկածանքով՝ վերջերս տեղի ուենցած միջադեպի առնչությամբ։

Խոսքը, մասնավորապես, մամուլում հրապարակված այն տեղեկությունների մասին է, ըստ որոնց՝ սեպտեմբերի 15-ին  ծեծկռտուք է տեղի ունեցել Գնդեվազ համայնքում Ամուլսարի հանքի շահագործմանը կողմնակից բնակիչների և ճանապարհը փակող ցուցարարների միջև։ Հետագայում մամուլում շրջանառվող տեղեկությունները հաստատել է ոստիկանությունը, նշելով, որ  ոստիկանությունն ահազանգ ստացել է, նշված դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով, որն էլ ուղարկվել է ՔԿ՝ նախաքննության։

Այսօր Բունիաթյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով տեղեկացրել է, որ Ջերմուկի բնակիչները ժամի 17:00-ից ինքնաբուխ հավաքվում են Ջերմուկում՝ հաջակցություն ձերբակալված համաքաղաքացիների։ Ամուլսարի պահապանի խոսքով՝ փաստեր կան, որ Ամուլսարի շուրջ տեղի ունեցող ցանկացած զարգացման դեպքում, կարծես, պատասխան պիտի տան մարդիկ, որոնք դեմ են հանքի բացվելուն.

«Հիմնավոր կասկածներ ունենք, որ խտրականություն է տեղի ունենում, սրա մասին պատրաստվում ենք ավելի խորքային խոսել»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց Շիրակ Բունիաթյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել