azatutyun.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կորոնավիրուսն անվանել է «թիվ մեկ սպառնալիքն» աշխարհում: Ըստ նրա, համաճարակը փորձություն դարձավ միջազգային համագործակցության համար, որը մարդկությունը ձախողեց:

Ողջ աշխարհում նոր դեպքերի թիվը շարունակում է աճել և անցել է 32 միլիոնից, համաճարակի զոհերի թիվը մոտենում է 982 հազարին:

Եվրոպան նոր սահմանափակումների շեմին է: Մոսկվայի իշխանությունները խնդրում են ընկերություններին վերադառնալ հեռավար աշխատանքի և պատրաստվում են տարեցների համար ինքնամեկուսացման ռեժիմ սահմանել: Քաղաքացիներին խնդրում են կամավոր կրճատել շփումներն ու նախազգուշական միջոցներ ձեռնարկել: Դիմակ կրելու ռեժիմը խախտելու համար Մոսկվայում տասնյակ խանութներ են փակվել:

Եվրամիության Առողջապահության հանձնաժողովի ղեկավար Ստելլա Կիրիակիդիսը ասում է, որ Եվրոպան վերջին հնարավորությունն ունի չվերադառնալու գարնանային սահմանափակումներին, բայց դրա համար անհրաժեշտ է շտապ լուրջ սահմանափակումներ կիրառել:

Նոր դեպքերի ռեկորդային աճ է գրանցվել Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում: Կանադայի վարչապետը հայտարարել է համաճարակի երկրորդ ալիքի մասին, որը կարող է շատ ավելի մեծ լինել, քան գարնանը: Վարակվածների և մահացածների ամենամեծ թիվն ԱՄՆ-ում է, դեպքերի ռեկորդային աճ գրանցվել է միանգամից երեք նահանգում: «Մետրոպոլիտեն» օպերան համաճարակի պատճառով չեղյալ է հայտարարել սեզոնը: Հետաձգված կամ չեղարկված միջոցառումների երկար ցուցակը շարունակում է համալրվել: