«Վեոլիա Ջուր» ընկերության պարզաբանումը՝ ջրամատակարարման գրաֆիկների վերաբերյալ
14:27 - 26 սեպտեմբերի, 2020

«Վեոլիա Ջուր» ընկերության պարզաբանումը՝ ջրամատակարարման գրաֆիկների վերաբերյալ

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն հրապարակել էր իր սպասարկման տարածքի բնակավայրերի ջրամատակարարման գրաֆիկը՝ 2020թ. հոկտեմբերի 1– 2021թ. ապրիլի 30 ժամանակահատվածի համար։ Այսօր ընկերությունը պարզաբանում է ուղարկել այդ գրաֆիկի վերաբերյալ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք. 

Ընկերությունը հայտնում է, որ 2020թ. հոկտեմբերի 1 – 2021թ. ապրիլի 30 ժամանակահատվածում ջրամատակարարման գրաֆիկը մնալու է նույնը, ինչ եղել է դրան նախորդող ժամանակահատվածում։ «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից հրապարակված ջրամատակարարման նոր գրաֆիկը չի ենթադրում ջրամատակարարման ժամերի կրճատում։

Ջրամատակարարման գրաֆիկի հրապարակումը 2016թ. նոյեմբերի 21-ին ՀՀ կառավարության, ի դեմս Ջրային կոմիտեի, ֆրանսիական «Վեոլիա Գրուփ» ընկերության և «Վեոլիա Ջուր» ընկերության միջև կնքված եռակողմ 15 ամյա վարձակալության պայմանագրի հիման վրա ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի /ՀՀ ՀԾԿՀ/ կողմից Վեոլիա Ջուր ՓԲԸ-ին տրված գործունեության թիվ 1 Լիցենզիայի պահանջն է: 

Հայաստանի ջրամատակարարման համակարգերի Օպերատորը պարտավոր է տարին երկու անգամ՝ ապրիլին և սեպտեմբերին հրապարակել գրաֆիկն առաջիկա ամիսների համար: Գրաֆիկը տպագրվում է թերթում, տեղադրվում է ընկերության veolia.am պաշտոնական կայքում և Ֆեյսբուք սոցիալական ցանցի Veolia armenia էջում, ինչպես նաև նշվում է բաժանորդների վճարման անդորրագրերում: 

Վերջին տարիներին «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից իրականացված աշխատանքների շնորհիվ այսօր բաժանորդների մեծ մասի գրաֆիկը շուրջօրյա է: Արմատապես բարելավվել է ջրամատակարարումը հանրապետության տասնյակ բնակավայրերում: Ձեռնարկվում են արդյունավետ միջոցներ հատկապես նվազագույն ջրամատակարարում ունեցող բաժանորդների գրաֆիկի բարելավման նպատակով, ինչը խիստ հրատապ է հատկապես մարզերում:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը լիովին կատարում է իր ներդրումային պարտավորությունները՝ սեփական միջոցներից և ապահովում է ջրամատակարարման ռեժիմ, որը համապատասխանում է համակարգի տվյալ պահի տեխնիկական հնարավորություններին: Ավելին, խոսքը ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ջրամատակարարման մասին է, քանի որ իրականում, հատկապես  հոկտեմբեր – ապրիլ ժամանակամիջոցում բաժանորդները ապահովվում են հայտարարվածից ավելի երկարաժամկետ ջրամատակարարմամբ:

Ընկերության շուրջ 2800 աշխատակիցներ շուրջօրյա ռեժիմով անում են հնարավոր ամեն բան վթարներին արագ արձագանքելու, նոր ջրագծեր ու ջրամբարներ կառուցելու, համակարգի մյուս ինժեներական ենթակառուցվածքներն տեխնիկապես վերազինելու ու այս ճանապարհով բաժանորդներին կայուն ջրամատակարարմամբ և որակյալ ջրով ապահովելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել