Ովքե՞ր են ազգային արժեքների պաշտպանության հայտ ներկայացրել |media.am|
15:09 - 26 սեպտեմբերի, 2020

Ովքե՞ր են ազգային արժեքների պաշտպանության հայտ ներկայացրել |media.am|

media.am: Կրթական նոր չափորոշիչները, Լանսարոտեի կոնվեցիայի վավերացումը, Ստամբուլյան կոնվեցիայի շուրջ խոսակցությունները սկիզբ դրեցին մի քանի նոր քաղաքական ու քաղաքացիական նախաձեռնությունների։

Դրանցից մեկը 2020 թվականի օգոստոսից հանրային գործունեություն ծավալող «Ազգային արժեքների պաշտպանություն»-ն է։ Ստեղծվել է նաև նույնանուն հասարակական կազմակերպություն, որը հեղինակել է օրինագիծ։ Դրանով պաշտպանվելու են ազգային արժեքները՝ «Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու, ընտանիքի և մանկության պաշտպանության հետ կապված հարաբերությունները»։

Նախաձեռնության ֆեյսբուքյան էջում դրա հռչակված նպատակի հետ կապ չունեցող բովանդակություն էլ է հրապարակվում։ Օրինակ, թե որքան քաղաքացի է տուգանվել դիմակ չկրելու համար։

Համակարգող խումբը ընդգծում է, որ նախաձեռնությունը չի հետապնդում «քաղաքական շահեր սպասարկելու որևէ նպատակ»։ Այն ունի 6 համակարգող։ Media.am-ը ուսումնասիրել է նրանց գործունեությունը, պարզելու համար, թե ովքեր են ազգային արժեքների պաշտպանության հայտ ներկայացրել։

Կարինե Նալչաջյան

Կարինե Նալչաջյանը հոգեբան է, դասախոս։ Համագործակցել է մի շարք հոգեբանական կազմակերպությունների հետ, նաև իրենը հիմնադրել։

2008-ին նա պարտվել է դատական գործ․ դասախոս-գործընկերոջ մասին ԵՊԼՀ ռեկտորին կեղծ տեղեկություններ է ներկայացրել։ Բողոքարկումը վերաքննիչ դատարանում մերժվելուց հետո նրա՝ ամբիոնի վարիչի և դասախոսի աշխատանքը այս բուհում ավարտվել է։

Նալչաջյանը մասնագիտորեն ակտիվ է քաղաքական դաշտում։ Լրատվականներում նրան երբեմն ներկայացնում են «քաղհոգեբան»։ Իր խոսքով, միշտ փորձել է «բոլոր իշխանությունների ժամանակ, երբ առիթ է ունեցել, տալ փորձագիտական անաչառ վերլուծություն» (տեսանյութում 22։58 րոպեից)։

Ծանոթանանք մի քանի առիթով նրա վերլուծություններին։

Մարտի 1․ 2008-ի քաղաքական զարգացումների ժամանակ Կարինե Նալչաջյանն ասել է, թե Լևոն Տեր-Պետրոսյանը հիպնոսացրել է ժողովրդին և մղել իշխանությունների դեմ: Իսկ հավաքները «նյարդալեզվաբանական պլանավորման արդյունք» են։ Կիրառվող «հայրենիք», «ընտանիք», «ազատություն» բառերը «հոգեխանգարման հարուցիչներ» են (տեսանյութում 36։07 րոպեից):

Ժառանգություն vs ՀՀԿ․ 2011-ին ՀՀԿ-ականների համար Նալչաջյանը ԱԺ-ում լուրջ ռիսկեր է տեսել։ ««Ժառանգություն»-ը միտումնավոր շարքից հանում է ՀՀԿ պատգամավորներին»,– ասել է նա ու ավելացրել․ «Կարծում եմ՝ «Ժառանգություն»-ը երկարաժամկետ կտրվածքով կարող է հոգեկան խոր տրավմաներ թողնել ԱԺ-ում ժամանակ անցկացնող ՀՀԿ պատգամավորների վրա… »:

«Հարսնաքար»-ի սպանություն․ 2012-ին «Հարսնաքար» ռեստորանում հյուրերի և աշխատակազմի միջև տեղի ունեցած միջադեպից հետո՝ ծեծից ստացած վնասվածքների  հետևանքով մահացավ ռազմական բժիշկ Վահե Ավետյանը։ Այս ռեստորանը պատկանում է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին։ Այս դեպքից հետո նա պատգամավորական մանդատը վայր դրեց։ Հանրության մոտ մեծ զայրույթ առաջացրած դեպքը հոգեբան Կարինե Նալչաջյանը կապել է հայկական սերիալների հետ։

Մեր օրեր․ Այժմ Նալչաջյանը հաճախ է հյուրընկալվում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընկերոջը պատկանող 5-րդ ալիք հ/ը-ում։ Հայտարարում է՝ Հայաստանը վատ է կառավարվում և «մեզ մոտ կառավարելի քաոս ստեղծելու բոլոր օրենքներն ու օրինաչափություններն» են գործում, որը ուղղորդում է դրսի «մի սև ձեռք» (տեսանյութում 7-րդ րոպեից)։ Ռոբերտ Քոչարյանի դատավարական պրոցեսը համարում է «մեր բոլորի խայտառակությունը» (տեսանյութում 8։45 րոպեից)։

Livenews.am-ի հետ զրույցում, որի հետ փոխկապակցված է «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնության անդամ Հայկ Նահապետյանը, նա կրթական նոր չափորոշիչների արդյունքն է կանխատեսել․ «Վերջնանպատակը մուտանտների կերտումն է, անհասկանալի սերնդի, որը չի ունենա հայրենիք, ազգություն, սեռ, դավանանք․․․»։

Հայկ Նահապետյան

Ռազմական փորձագետ և պահեստազորի գնդապետ  ներկայացված Հայկ Նահապետյանը համակարգող խմբի մյուս անդամն է։ Նախաձեռնության կայքում ներկայացված կենսագրությունում 2007-ից սկսած նրա գործունեության մասին տեղեկություն չկա։ Իսկ ի՞նչ տվյալներով այն կարող էր համալրվել։

Նահապետյանը վերջին տարիներին որպես անդամ ու համակարգող տարբեր նախաձեռությունների մաս է կազմում․

  • «Ազգային արժեքների պաշտպանության» նախաձեռություն, 2020
  • «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանություն» նախաձեռնություն, 2018
  • «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնություն, 2015-2018

Այս նախաձեռնությունների կազմում նա պայքարել է ընտանեկան բռության դեմ օրինագծի, Ստամբուլյան կոնվենցիայի դեմ։ Հակապատվաստումային, դավադրապաշտական հայտարարություններ է արել։

Նահապետյանը հասարակական տարբեր կազմակերպությունների՝ տարբեր երկրներից ֆինանսավորվելու և նրանց օրակարգը սպասարկելու մասին է բարձրաձայնել (տեսանյութում 5։24 րոպեից)։ Սակայն, նա չի խոսել իր սպասարկած օրակարգի մասին։ «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին հանրային դաշտում ապատեղեկատվություն տարածող խմբերի մասին զեկույցի համաձայն նրա անդամակցած «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնությունը ու դրա ղեկավար Հայկ Այվազյանը ունեն ռուսաստանյան սատարում:

Բացի այս նախաձեռություններից, Հայկ Նահապետյանը թե՛ հյուրի, թե՛ հարցազրուցավարի կարգավիճակով կանոնավոր լինում է livenews.am-ի տաղավարում։ Այստեղ հաղորդում ունի Գառնիկ Իսագուլյանը: Նորաբաց կայքի մասին նա 2018-ի նոյեմբերի 1-ին պատմել է տեսանյութով ու տեղեկացրել, որ իր կինը՝ Ռուզաննա Իսագուլյանն է դրա տնօրենը։

Գառնիկ Իսագուլյանը 2004-2009-ին եղել է նախագահի՝ (Ռոբերտ Քոչարյանի, ապա Սերժ Սարգսյանի) ազգային անվտանգության հարցերով խորհրդականը։

Իսագուլյանը, Նահապետյանը և ևս մեկ անձ հեղինակել են հաղորդում, որը վերնագրված է՝ «Խնդրում ենք հաղորդումը դիտեն միայն 18+ տղամարդիկ»։ Խայծ վերնագրի շնորհիվ այն ալիքի ամենաշատ դիտում հավաքած տեսանյութերից է։ Առավել ուշագրավ է այն, որ հայհոյանքների առատության պատճառով միայն չափահաս տղամարդկանց ցուցված զրույցի առիթը մեկ ապատեղեկատվություն էր՝ իբրև 9-ամյա երեխային փողոցում բաժանել են օրգազմի մասին գիրք:

Նման տեղեկտվական առիթով եթերում հայհոյախոսող Նահապետյանը 3 տարի առաջ Արարատ (այժմ 5-րդ ալիք) հ/ը-ի եթերում լրագրողական հետաքննություններ կատարող hetq.am-ի աշխատանքը որակել էր՝ «հիմնականում կեղծիք է, բայց շաղախվում է թվացյալ ճշմարտությամբ։ […] Էն նյութերը, որ իրենք տալիս են, իր մեջ մանիպուլյացիոն տեխնոլոգիաներ ա դրվում» (տեսանյութը 23։12 րոպեից)։

Գևորգ Դանիելյան

Իրավաբան Գևորգ Դանիելյանը աշխատել է գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության նախարար, Սահմանադրական դատարանի խորհրդական ու 2013 թվին Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ է եղել։

2007 թվից անդամակցել է ՀՀԿ-ին։ Իր կյանքում կայանալու և հաջողությունների հասնելու հարցում Գևորգ Դանիելյանը ճակատագրին է շնորհակալ եղել․ «Ինձ միշտ լավ ընկերներ են բաժին հասել․․․»: Նրա լավ ընկերներից է նախկին դատախազ Աղվան Հովսեփյանը։ Վերջինս Մարտի 1-ի գործով կրկնել էր Նալչաջյանի վերլուծությունները։ Իբրև հավաքները «նյարդալեզվաբանական պլանավորման արդյունք» են, իսկ «հայրենիք», «ընտանիք», «ազատություն» բառերը «հոգեխանգարման հարուցիչներ» են։

Գևորգ Դանիելյանի ղեկավարման օրոք է կառավարությունը ստորագրել Լանսարոտեի կոնվենցիան՝ հիմնվելով նաև նրա՝ որպես նախարար տված դրական գնահատականի վրա։ Փոխարենը, այս տարվա մայիսին՝ կոնվենցիայի վավերացման ժամանակ, Դանիելյանը Ֆեյսբուքում գրել է դրա վտանգներ պարունակելու մասին ու սխալ պնդում կատարել։

Նախարարի պաշտոնից նա ազատվել է 2010 թվին՝ «պաշտոնեական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար»: Նրան հանձնարարվել էր պատժել Հարկադիր կատարման ղեկավար Միհրան Պողոսյանին՝ «բարոյական չափանիշները լրջորեն խախտելու համար»։ Սակայն, Դանիելյանը չի կատարել (կամ ուշացած է կատարել) այդ հանձնարարությունը:

Հանրային հեռուստաընկերության հարցազրուցավար Պետրոս Ղազարյանը նախաձեռության մեկ այլ անդամի՝ Արա Զոհրաբյանի հետ զրույցում ասել է, որ Դանիելյանը չի գնում իր մոտ հյուր․ «Ես երբ զանգում եմ ինքը կամ հիվանդ ա, կամ զբաղված ա» (տեսանյութում 11։08 րոպեից)։ Փոխարենը, Դանիելյանը այդ հարցազրույցին արձագանքել է livenews.am-ի տաղավարում։

Շարունակությունը՝ media.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել