Առաջարկում եմ համարել մեկնարկած Արցախի ճանաչման գործընթացը․ Նաիրա Զոհրաբյան
19:57 - 27 սեպտեմբերի, 2020

Առաջարկում եմ համարել մեկնարկած Արցախի ճանաչման գործընթացը․ Նաիրա Զոհրաբյան

Սա պատերազմ է։ Ադրբեջանն օգտագործում է իր զինուժում եղած բոլոր կայանքները։ Համաձայն եմ՝ մենք հետքայլի տեղ չունենք։ Այս մասին այսօր՝ Ազգային ժողովի հատուկ նիստի ժամանակ, ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Բոլորս ենք պատրաստ զոհվել հանուն Արցախի և հանուն Հայաստանի, բայց ես կարծում եմ՝ բոլորս պետք է ապրենք հանուն Հայաստանի և Արցախի, ու ամեն մեկս մեր տեղում պետք է մեր գործն անենք»,- ասաց նա։

Զոհրաբյանը նշեց, որ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ արդեն դիմել է եվրոպական բոլոր կառույցներին՝ հստակ ներկայացնելով իրավիճակը և Թուրքիայի անթույլատրելի մասնակցությունը։

«Ինձ չեն բավարարում միջազգային կառույցների հեզաճկուն դիվանագիտական ձևակերպումները և կողմերի միջև հավասաության նշան դնելու գործելաոճը։ Մենք պիտի միջազգային հանրությանը ներկայացնենք, որ դիվանագիտական բալանսը մշտապես պահող այդպիսի  հայտարարություններով շատ դեպքերում հանցակից են դառնում նրան, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ բացահայտ պատրաստվում է պատերազմի»,- ընդգծեղ պատգամավորը։

Նրա խոսքով՝ անիմաստ է քննարկել Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքական էլիտայի ադեկվատության խնդիրը․ նրանք այնպես են թունավորել իրենց հասարակություններին ատելությամբ, այնպես են մանկապարտեզներում սնում իրենց երեխաներին ատելությամբ, որ մտածել, թե առաջիկա տարիներին ունենալու ենք քաղաքական էլիտա, որի հետ հնարավոր է նստել խաղաղ բանակցությունների և գնալ ադեկվատ քննարկումների, փոխզիջումենրի, միֆ է, և տարիներ շարունակ մենք մեզ խաբել ենք։

«13 տարի մենք մեզ ասել ենք՝ եկեք չքննարկենք Արցախի ճանաչման հարցը Հայաստանի կողմից, եկեք Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական դաշինքի հարցը հետաձգենք, որովհետեև դա կարող է առավել սրել իրավիճակը։ Այսօր՝ այս պահին, հենց հիմա, պատերազմ է։ Մենք չգիտենք՝ ինչ է լինելու մեկ ժամ հետո, վաղը։ Ադրբեջանը խախտել է, թքել է միջազգային բոլոր պայմանագրերի վրա, իր ստորագրած կոնվենցիաների վրա՝ չհարձակվելու քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա»,- ասաց Զոհրաբյանը։

Պատգամավորը հարց հնչեցրեց, թե էլ ինչ պիտի անի Ադրբեջանը, որ մենք ասենք՝ հարգենք միջազգային հանրության տեսակետը, ինչ կարող էր՝ արել է և շարունակում է անել։

«Առաջարկում եմ համարել մեկնարկած, սկսված Արցախի ճանաչման գործընթացը։ Սա միջազգային հանրության դեմ ուղղված չէ, խաղաղ բանակցային գործընթացին ուղղված չէ։ Այսօր ուժեղ աշխարհի դար է, հոգնել ենք դավթարները գրկած՝ եվրոպացի պատգամավոր գտնենք, ասենք՝ խղճա մեզ։ Գործ ունենք մի թշմնամու հետո, որի հետ խաղաղության լեզվով խոսել, իմ կարծիքով, հնարավոր չէ»,- ընդգծեց նա։

Նաիրա Զոհրաբյանն իր ելույթի վերջում կարևորեց նաև միասնականությունը։

«Եթե մենք փորձեցինք մեր ներսում խրամատներ բաժանել, եթե փորձեցինք ներքաղաքական օրակարգեր բերել, ջուր ենք լցնելու հակառակորդի ջրաղացին։ Այսօր մենք ունենք մեկ թշնամի՝ միացյալ Ադրբեջանը՝ Թուրքիայի հետ»,- եզրափակեց պատգամավորը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել