Վաշինգտոնն ամենակոշտ կերպով դատապարտում է ղարաբաղյան հակամարտության վերջին սրացումը
 |azatutyun.am|
01:19 - 28 սեպտեմբերի, 2020

Վաշինգտոնն ամենակոշտ կերպով դատապարտում է ղարաբաղյան հակամարտության վերջին սրացումը |azatutyun.am|

azatutyun.am: Վաշինգտոնն ամենակոշտ կերպով դատապարտում է ղարաբաղյան հակամարտության վերջին սրացումը և կոչ անում կողմերին անհապաղ դադարեցնել բռնությունները:

«Միացյալ Նահանգները մտահոգված է լայնածավալ ռազմական գործողությունների մասին հաղորդումներով, որոնց հետևանքով արձանագրվել են էական կորուստներ», - հայտարարել է Պետդեպարտամենտը` ցավակցություն հայտնելով զոհերի ու վիրավորների հարազատներին:

Պետդեպի խոսնակը նաև տեղեկացրել է, որ այսօր փոխպետքարտուղար Ստիվեն Բիգանը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ` կոչ անելով անհապաղ հրադադար հաստատել, օգտագործել ուղիղ կապը` իրավիճակի հետագա սրացումից խուսափելու համար, ինչպես նաև զերծ մնալ անօգուտ հռետորաբանությունից և գործողություններից, որոնք էլ ավելի են սրում իրավիճակը տեղում:

Պետդեպարտամենտը հատուկ անդրադարձ է արել նաև երրորդ կողմերին, ընդգծելով` Միացյալ Նահանգները համոզված է, որ արտաքին ուժերի կողմից խնդրին մասնակցությունը կլինի խիստ վնասակար և կարող է միայն վատթարացնել տարածաշրջանի լարվածությունը:

«Մենք կոչ ենք անում կողմերին աշխատել Մինսկի խմբի համանախագահների հետ` որքան հնարավոր է արագ բովանդակային բանակցությունների վերադառնալու համար», - հայտարարել է Պետդեպարտամենտը, հավելելով, - «որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ` ԱՄՆ-ը շարունակում է հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ ու տևական կարգավորմանը հասնելու հարցում կողմերին աջակցելու իր հանձնառությանը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել