Վարդան Տողանյանը չի բացառել, որ ՀՀ-ն կդիմի ՌԴ-ին զենքի նոր մատակարարումների համար

 |armenpress.am|
13:59 - 28 սեպտեմբերի, 2020

Վարդան Տողանյանը չի բացառել, որ ՀՀ-ն կդիմի ՌԴ-ին զենքի նոր մատակարարումների համար |armenpress.am|

armenpress.am: Անհրաժեշտության դեպքում Հայաստանը կդիմի Ռուսաստանին ռուսական զենքի նոր մատակարարումների հարցով, սակայն այդ մասին խոսակցություն առայժմ չկա: «Ռիա նովոստի»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:

Նա հիշեցրել է, որ նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իսկ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ՝ իրավիճակի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու, Հայաստանի տեսլականը ներկայացնելու համար:

Դեսպանն ընդգծել է, որ ՀՀ-ն և ՌԴ-ն դաշնակիցներ են՝ համապատասխան պարտավորություններով: «Մեր ռազմատեխնիկական համագործակցությունը զարգանում է, զենքի մատակարարումների վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացումն ընթանում է նորմալ ռեժիմով: Այսօրվա դրությամբ իրավիճակը փոխվում է, մենք այս պահին երրորդ կողմ ունենք՝ Թուրքիան: Եթե անհրաժեշտ լինի, կդիմենք և կլուծենք հարցերը` (զենքի լրացուցիչ մատակարարումների վերաբերյալ-խմբ.) առաջին հերթին Ռուսաստանին»,- ասել է Տողանյանը:

Տողանյանն անդրադարձել է նաև կոնֆլիկտին Թուրքիայի մասնակցությանը՝ ընդգծելով, որ այդ երկիրը Սիրիայից վարձկանների է տեղափոխել Ադրբեջան: «Մեր տեղեկություններով վերջին շրջանում Թուրքիան Սիրիայից մոտ 4000 գրոհայիններ է տեղափոխել Ադրբեջան: Նրանց պատրաստում են գրոհայինների ճամբարներում և տեղափոխում են այդտեղ»,- ասել է դեսպանը:

Эха Москвы-ին տված հարցազրույցում էլ Վարդան Տողանյանը հույս է հայտնել, որ Ռուսաստանը կկարողանա կանգնեցնել էսկալացիան Լեռնային Ղարաբաղում: «Ռուսաստանը միշտ հավասարակշռված դիրքորոշում է ունեցել: Այսօր Ռուսաստանը նույնպես հետաքրքրված է, երեկ տեղի են ունեցել հեռախոսային բանակցություններ արտաքին գործերի նախարարի և նախագահի մակարդակով, և Ռուսաստանի կոչերն են՝ դադարեցնել ռազմական գործողությունները: Ես հույս ունեմ, որ ՌԴ-ին կհաջողվի կանգնեցնել այս պատերազմը և կողմերին նստեցնել բանակցությունների սեղանին՝ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,- նշել է ՌԴ-ում ՀՀ դեսպանը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել