Եվս 5 զինծառայող արժանացան Արցախի հերոսի կոչման․ Արայիկ Հարությունյան
13:59 - 04 հոկտեմբերի, 2020

Եվս 5 զինծառայող արժանացան Արցախի հերոսի կոչման․ Արայիկ Հարությունյան

Ուզում եմ՝ լինենք առաջին հերթին դուխով, վճռական, եւ հաղթանակն ապահովված է լինելու։ Ինչու եմ գնացել առաջնագիծ․ մտահոգվելու բան չի եղել, մենք առաջին հերթին պիտի ոգեւորենք մեր սպաներին, զինվորներին, որոնք իրականում ամեն օր կենաց ու մահու կռիվ են տալիս թշնամու դեմ։ Այս մասին այսօր ճեպազրույցի ընթացքում ասաց Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

Վերջինս նշեց, որ  բանակն ամբողջությամբ կատարում է իր առջեւ դրված խնդիրը՝ գեներալից մինչեւ շարքային զինվոր։ Նախագահի խոսքով՝ իրականում ունենք աշխարհի ամենապրոֆեսիոնալ բանակը։ Ոչ թե սպառազինություններով զինված ամենաուժեղ բանակը, այլ ամենապրոֆեսիոնալ։ 

«Ես ուզում եմ խոնարհվել մեր զինվորների առջեւ, ուզում եմ ասել՝ ձեր ցա՛վը տանեմ, դուք մեր ազգի պարծանքն եք։ Դուք պայքարում եք ամեն մի սանտիմետրի համար։ Մեր սպայական անձնակազմը հրաշքներ է գործում՝ վտանգելով կյանքը, անտեսելով մահը։ Եվ մեզ դա է պետք, եթե մենք հաղթահարենք այդ բարդույթը, բոլորս պատրաստ լինենք զոհվելու, մենք կհաղթենք։  Այսօր իմ հրամանագրով հինգ հոգի եւս արժանացել են Արցախի հերոսի բարձրագույն կոչման»,- ընդգծեց Հարությունյանը։ Վերջինս պատմեց, որ  Դավիթ Լյովայի Գրիգորյան․ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից  ակտիվորեն մասնակցելով՝ Ֆիզուլիի հատվածում հասցրել է խոցել 15 տանկ եւ 1 ՀՄՄ։ Շարունակում է ծառայել մեր հայրենիքին՝ գտնվելով առաջնագծում։ 

Ազգային հերոսի կոչում է ստացել Էդգար Էդվարդի Մարկոսյանը։ Թալիշի ուղղությամբ խոցել է տասը տանկ՝ ամուր պահելով իրեն վստահված հատվածը։ 
Յուրա Հայկարամի Ալավերդյանը խոցել է ինը տանկ եւ մեկ միավոր ավտոտեխնիկա։

«Գնդապետ Շաքարյանը արցախյան գոյապայքարի առաջամարտիկներից է։ Կազմակերպել է հակառակորդի բազմաթիվ տանկային եւ հետեւակային գրոհներ՝ պատճառելով բավականին մեծ կորուստներ։ Պարո՛ն Շաքարյան, դուք իրական Արցախի հերոս եք։ Դավիթ Վանիկի Ղազարյանը, ցավոք, հետմահու է արժանանում Արցախի հերոսի կոչման։ Նա մարտը վարել է «ոչ մի քայլ հետ» սկզբունքով, սա իրական հերոսություն է։ Ցավակցում եմ բոլորիս, բայց հպարտ եմ, որ Դավիթ Ղազարյանի նման շատ հայրենակիցներ ունենք»,- հավելեց Արցախի նախագահը։  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել