Մեր զորքերը կարողացել են հակառակորդին մեծ կորուստներ պատճառել եւ հետ շպրտել՝ պատճառելով մոտ 200-ից ավելի զոհ՝ միայն հարավային ուղղությամբ․ Արծրուն Հովհաննիսյան
21:38 - 05 հոկտեմբերի, 2020

Մեր զորքերը կարողացել են հակառակորդին մեծ կորուստներ պատճառել եւ հետ շպրտել՝ պատճառելով մոտ 200-ից ավելի զոհ՝ միայն հարավային ուղղությամբ․ Արծրուն Հովհաննիսյան

Արցախի ՊԲ զինված ուժերը համապատասխան պատասխան են տալիս Ադրբեջանի գործողություններին՝ թիրախավորելով զուտ ռազմական օբյեկտները, զորքերը՝ աշխատելով բացառապես կոնկրետ ռազմական թիրախների ուղղույթամբ։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Օրվա ընթացքում իրենց հաջողությունը փորձել են ամրագրել հայկական ստորաբաժանումներում գտնվելու չակերտավոր ապացույցների տեսանյութերով, բայց դա հերթական օրինակն էր, որ ժամանակավոր հաջողությունները փորձում են ներկայացնել մեծ հաղթանակներ»,- նշեց նա։

Արծրուն Հովհաննսիյանը նշեց, որ մեր զորքերը մարտավարական հնարամիտ, գրագետ գործողություններով կարողացել են հակառակորդին մեծ կորուստներ պատճառել եւ հետ շպրտել՝ պատճառելով մոտ 200-ից ավելի զոհ՝ միայն հարավային ուղղությամբ։

«Այս պահին չեմ կարող ներկայացնել կոնկրետ թվական ամփոփումներ՝ հակառակորդի կորուստների մասին, որովհետեւ մարտերը շարունակվում են»,- տեղեկացրեց նա։

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն էլ հայտնեց, որ այս օրերին իրենց աշխատանքը եղել է հստակ, թիրախային, նպատակն է եղել պարզել Ադրբեջանի իրականացրած հարձակումների եւ թուրքական հայտարարությունների տրամաբանությունը, որովհետեւ սա ուղիղ առնչություն ունի մարդու իրավունքների, առողջության իրավունքի եւ կատարվող ավերածությունների հետ։

«Չափազանց կարեւոր է ցույց տալ այդ հարձակումների հիմքում ընկած քաղաքականության նենգ բնույթը, որովհետեւ այստեղ ակնհայտ է էթնիկ զտումների նպատակը եւ ահաբեկչական մեթոդներով քաղաքացիական բնակչության վրա հարձակումներ գործելու նպատակը»- նշեց ՄԻՊ-ը։

Արման Թաթոյանը հայտնեց, որ Գեղարքունիքի մարզում ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հակառակորդի հարվածներն իրականացվել են ուշ երեկոյան կամ գիշերային ժամերի, երբ մարդիկ հիմնականում տանն են կամ քնած։

«Բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ԱԹՍ-ներով հարձակումները ցույց են տալիս այն քաղաքացիական օբյեկտների վրա, որտեղ կան մարդկային կուտակումներ, կամ որտեղ ավտոբուսներ են, բնակելի տներ։ Սա նշանակում է, որ այդ հարձակումները նպատակ ունեն հնարավորինս շատ վնաս հասցնել քաղաքացիական բնակչությանը»,- նշեց նա։

Արման Թաթոյանը տեղեկացրեց, որ միջազգայնորեն արգերլված զինատեսակների կիրառման մասին հավաքագրած ապացույցներն ուղարկվելու են միջազգային կառույցներին, և շեշտեց՝ հանցավոր բնույթը դրսեւորվում է նրանով, որ արգելված զինատեսակներով հարձակումներ են գործում խիտ բնակեցված բնակավայրերի վրա։

«Միջազգային կազմակերպությունները պետք է կոնկրետ գործողություններ գործադրեն։ Այս իրավիճակն այլեւս այն չէ, որ կոնֆերնասների ժամանակ բաժակաճառերի նմանվող ելույթներ լինեն, կոչեր անեն՝ այս կամ այն գործողությունը դադարեցնելու։ Կոնկրետ գործողություններ են պետք, որովհետեւ այլեւս ելույթներով, կոչերով կամ անհասցե քայլերով հնարավոր չէ կանխել նման երեւույթները։ Սրանք արդեն կարող են հումանիտար աղետի հանգեցնել»,- ասաց ՄԻՊ-ը։

Այնուհետեւ Արծրուն Հովհաննիսյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ լիարժեք զորահավաք է հայտարարվել, որն այս բավականին բարդ ու ծանր մարտական գործողությունների ժամանակ բնականոն պրոցես է։

Արծրուն Հովհաննիսյանը նաև հայտնեց՝ միշտ չէ, որ մարտական գործողությունների այս կամ այն մանրամասնը հայտնելը տեղին է։

«Միշտ չէ, որ հօդս ցնդեցրած թիրախների եւ նշանակետերի անունները նշում ենք, բայց այնպես չէ, որ դրանք չեն իրականացվում։ Իրավիճակները դինամիկ զարգացման մեջ են։ Այնպես որ՝ սպասեք լավ լուրերի։ Միեւնույն է՝ հաղթելու ենք»,- ասաց նա։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել