Ադրբեջանի ագրեսիան տեղի է ունենում համաշխարհային առողջապահական ճգնաժամի ֆոնին․ Արսեն Թորոսյանի բաց նամակը ԱՀԿ տնօրենին
23:12 - 11 հոկտեմբերի, 2020

Ադրբեջանի ագրեսիան տեղի է ունենում համաշխարհային առողջապահական ճգնաժամի ֆոնին․ Արսեն Թորոսյանի բաց նամակը ԱՀԿ տնօրենին

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը բաց նամակ է հղել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Պարոն Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսին։ Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Հարգելի պարոն Ղեբրեյեսուս,

Ձեզ եմ գրում՝ արտահայտելու իմ մեծ մտահոգությունը՝ պայմանավորված Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) դեմ Ադրբեջանի ռազմական ոտնձգությամբ:

Այսօր, երբ ամբողջ աշխարհը պայքարում է COVID-19 համավարակի դեմ, երբ միջազգային հանրությունը կենտրոնացնում է իր ջանքերը՝ համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքները մեղմելու համար, և երբ բոլոր ղեկավարները, ներառյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, կոչ են անում համաշխարհային հրադադարի, Ադրբեջանի զինված ուժերը, ձեռնարկեցին լայնածավալ օդային, հրթիռային և ցամաքային գրոհներ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով քաղաքացիական բնակավայրերը, ենթակառուցվածքներն ու դպրոցները, ներառյալ մայրաքաղաք Ստեփանակերտում, ինչի արդյունքում ունենք բազմաթիվ զոհեր և ավերածություններ քաղաքացիական բնակչության շրջանում: Ադրբեջանի ագրեսիան տեղի է ունենում համաշխարհային առողջապահական ճգնաժամի ֆոնին, ինչը խստորեն խոչընդոտում է կորոնավիրուսային հիվանդության ազգային, տարածաշրջանային և համաշխարհային արձագանքման ջանքերին և նպաստում վիրուսի տարածմանը:

Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական հարձակումը, որն իրականացվել է անմիջականորեն Թուրքիայի և Թուրքիայի կողմից սատարվող օտարերկրյա ահաբեկչական մարտիկների ներգրավմամբ, հանգեցրել է տարածաշրջանում հակամարտության ամենաուժեղ և կործանարար սրմանը 1990-ականներից ի վեր: Թուրք-ադրբեջանական այս ցեղասպան դաշինքը գնալով ավելի շատ ավերածություններ է առաջացնում, զուգորդվելով COVID-19-ի համավարակի տարածումով:

Չնայած, քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ մարդասիրական և բնապահպանական օբյեկտների անընդհատ ռմբակոծությանը, մեր բժշկական անձնակազմը կատարում է իր պարտականությունները՝ պայքարելով վիրավորների, այդ թվում՝ Ադրբեջանի ռազմական ուժերի կանխամտածված և դիտավորյալ հարձակումների արդյունքում ծանր վիրավորված օտարերկրյա լրագրողների կյանքի ու առողջության համար: Ցավոք, իրենց ծառայությունը կատարելիս մահացու վիրավորվեցին նաև մի շարք բուժաշխատողներ: Հոկտեմբերի 11-ին, երբ հայտարարված է հրադադար, նույնիսկ այդ ժամանակ Ադրբեջանը թիրախավորել է վիրավոր տեղափոխող շտապօգնության մեքենան։

Հարգելի գլխավոր տնօրեն,

Ներկայումս մենք ականատես ենք մարդասիրական աղետի Արցախի Հանրապետությունում, երբ քաղաքացիական խաղաղ բնակչությունը զրկված է հիմնական բժշկական ծառայություններից և սարսափում է ռմբակոծություններից ու հրթիռային հարվածներից: Ողջ խաղաղ բնակչությունը՝ ներառյալ երեխաներն ու տարեցները, իրենց կյանքն ու առողջությունը կորցնելու մշտական ​​վտանգի տակ են:

Մենք հորդորում ենք Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, որը հանդիսանում է COVID-19 համավարակի դեմ պայքարի աշխատանքները համակարգող առաջատար կազմակերպությունը, համապատասխան միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով մարդասիրական աղետը կասեցնելու և COVID-19- ի երկրորդ ալիքի սրումը կանխելու համար:

Եթե ​​Ադրբեջանի կողմից այս զանգվածային ռազմական ագրեսիան շարունակի թիրախավորել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանն ու ենթակառուցվածքները, ապա համաշխարհային հանրային առողջապահական հանրությունը չի կարողանա վիրուսի կործանարար հետևանքներից պաշտպանել բնակչության խոցելի խմբերին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել