Հակառակորդը որեւէ էական առաջխաղացում չունի․ Արծրուն Հովհաննիսյանը անդրադարձավ Ադրբեջանի տեղեկատվական ակցիաներին
22:15 - 13 հոկտեմբերի, 2020

Հակառակորդը որեւէ էական առաջխաղացում չունի․ Արծրուն Հովհաննիսյանը անդրադարձավ Ադրբեջանի տեղեկատվական ակցիաներին

Վաղ առավոտյան Ադրբեջանի ԶՈՒ-երը Արցախի սահմանի գրեթե ողջ երկայնքով լայնամասշտաբ հարձակողական գործողություններ են սկսել՝ առնվազն երեք-չորս ուղղություններով, հատկապես թեժ է եղել հյուսիսային ուղղությունը, որտեղ օրվա ընթացքում թեժ մարտեր են տեղի ունեցել։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Ծավալուն հրետակոծությունից հետո անցել են լայնամասշտաբ հարձակման՝ զրահատեխնիկայի կիրառմամբ։ Այսօր երեւի թե ողջ պատերազմի ընթացքում ամենաթեժ մարտերից մեկն է եղել»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ այս ընթացքում մեր ստորաբաժանումներին հաջողվել է հետ շպրտել հակառակորդին՝ պատճառելով էական կորուստներ։

«Մեր ԶՈՒ-երի, կանոնավոր բանակի, պահեստազորի, աշխարհազորի, միասնական, համատեղ, փայլուն ու հերոսական գործողությունների շնորհիվ հաջողվել է կասեցնել հակառակորդի հարձակողական գործողությունները»,- ընդգծեց Արծրուն Հովհաննիսյանը։

ՊՆ ներկայացուցիչը վստահեցրեց, որ հակառակորդը որեւէ էական առաջխաղացում չունի։

«Չնայած նրան, որ վերջին օրերին Ադրբեջանի ԶՈՒ-երը որդեգրել են հետեւյալ քաղաքականությունը․ հետախուզադիվերսիոն գործողություններով մերձռազմաճակատային տարբեր բնակավայրերում արագ ներթափանցումներ եւ տեղեկատվական ակցիաներ իրականացնել՝ դրոշներ պարզելով տարբեր շենքերի վրա, նկարվել՝ առաջին հերթին իրենց, ապա մեր հասարակության վրա հոգեբանական ազդեցություն ունենալու համար»,- հավելեց նա։

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել