Հարյուր խոշոր հարկատուների նվիրատվությունները՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին եւ Արցախին
12:46 - 16 հոկտեմբերի, 2020

Հարյուր խոշոր հարկատուների նվիրատվությունները՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին եւ Արցախին

Արցախա-ադրբեջանական սահմանին պատերազմական լայնածավալ այս գործողությունների հենց առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, «Հայաստան» համահայկական հիմնադրամը միասնական որոշում կայացրեց՝ «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավ սկսել՝ աջակցելու Արցախում կանգնած մեր քույրերին ու եղբայրներին։

Ամբողջ աշխարհի հայերը արշավի շրջանակում ակտիվորեն սկսեցին նվիրատվություններ կատարել, եւ այս պահին դրամական փոխանցումներն անցել են 123,663,442 դոլարը։

Դրամահավաքին եւ նյութական նվիրատվություններին մասնակցում են նաեւ Հայաստանի խոշոր հարկատուները։ Infocom-ն ուսումնասիրել է, թե խոշոր հարկատուների առաջին հարյուրյակից որ ընկերություններն են նվիրատվություն կատարել ռազմական գործողությունների ընթացքում։

Հրապարակման համար հիմք են հանդիսացել Պետական եկամուտների կոմիտեի ներկայացրած տվյալներն ու  «Հայաստան» համահայկական հիմնադրամի խոշոր նվիրատուների ցանկը (5 միլիոն եւ ավելի) եւ կազմակերպությունների մեկնաբանությունները՝ Infocom-ին։

16.10․2020-ի դրությամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամին ընկերությունների կատարած նվիրատվություններին կարող եք ծանոթանալ ստորեւ ներկայացվող ինֆոգրաֆիկաներով։

Ինչպես տեղեկանում ենք խոշոր նվիրատուների վերաբերյալ հաշվետվությունից՝ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն Հիմնադրամին փոխանցել է 36 200 000 դրամ։ Միջազգային Էներգետիկ Կորպորացիա ՓԲԸ-ն նվիրաբերել է 11 000 000 դրամ։

Հարյուր խոշոր հարկատուներից «ՍՊԱՅԿԱ» ընկերությունը Հիմնադրամի խոշոր նվիրատուների ցանկում չկա, սակայն ընկերության զարգացման գծով փոխտնօրեն Կարեն Բաղդասարյանն Infocom-ին հայտնեց, որ տարբեր երկրներից շուրջ մեկ միլիոն դոլարի մատակարարումներ են իրականացրել, իրենց ներմուծած ապրանքների տեսքով օժանդակություն են տրամադրել եւ շարունակելու են։

Հիմնադրամի խոշոր նվիրատուների ցանկում չկա նաեւ «ԱՎԵՐՍ» ընկերությունը։ Կազմակերպության ֆինանսական տնօրեն Ալլա Ստեփանյանը մեր զրույցում ասաց, որ դեռեւս մեկ միլիոն դրամ են նվիրաբերել եւ շուրջ տասը միլիոն դրամի ծխախտոտ ու դեղորայք են հատկացրել, գործընթացն էլ համակարգել են Արցախի ՊԲ-ի հետ։

«ԴԵՐԺԱՎԱ» ընկերությունների խումբը՝ ի դեմս «Համբարձումյանների ընտանիք» սոցիալական աջակցության հիմնադրամի, «Հայաստան» հիմնադրամին փոխանցել է 50 մլն դրամ, եւս 50 մլն դրամի անհրաժեշտ մթերքներ էլ բեռնատարների միջոցով ուղարկել են Արցախի Հանրապետություն։

«ՊՌՈՇՅԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ»-ից Infocom-ին հայտնեցին, որ Հիմնադրամին դրամական փոխանցում կատարել են, սակայն հարկ չեն համարում նշել՝ որքան, օժանդակել են նաեւ անհաժեշտ սարքավորումներով ու մթերքներով։

Հարյուր խոշոր հարկատուներից «ԹԵԼ-ՍԵԼ» ընկերությունը եւս չկա Հիմնադրամի խոշոր նվիրատուների ցանկում, սակայն այս օրերին ունի 500+500 ակցիա․ «ԹԵԼ-ՍԵԼ»-ի միջոցով Հիմնադրամին 500 դրամ փոխանցելու դեպքում եւս 500 դրամ էլ ավելացնում է ընկերությունը։ Այս ընթացքում շուրջ 15 մլն դրամի վճարում է եղել «ԹԵԼ-ՍԵԼ»-ի միջոցով, որը կրկնապատկվել է՝ դառնալով 30 մլն դրամ։

«ՍՈՎՌԱՆՈ» ընկերության անունը Հիմնադրամի խոշոր նվիրատուների ցանկում չգտանք, սակայն ընկերությունից հայտնեցին, որ փոխանցել են շուրջ տասը միլիոն դրամ եւ որոշակի քանակի քաղցրավենիք։

«ԱԳ ԻՄՊԵՔՍ» ընկերության տնօրեն Գեւորգ Խաչատրյանն էլ մեր զրույցում հայտնեց, որ Հիմնադրամին նվիրաբերել են մեկ միլիոն դրամ, օժանդակություն են արել նաեւ որոշակի քանակությամբ հագուստի, ցեմենտի, գլխարկների, անձրեւանոցների ու քնապարկերի տեսքով։

Բացի ընկերությունների անվանական փոխանցումները՝ որոշ դեպքերում նաեւ աշխատակաիցներն են նվիրատվություններ կատարել։

Կան ընկերություններ, որոնք նվիրատվություն են կատարել ոչ թե կազմակերպության, այլ ընկերության տնօրենների կամ հիմնադիրների անուններից։

Հարյուր խոշոր հարկատուների ցանկում կան նաեւ ընկերություններ, որոնք միջազգային ընկերությունների մաս են կազմում։ Նրանցից որոշներն Infocom-ի հետ զրույցում նշեցին, որ այդ պատճառով կազմակերպության անունից չեն կարող նվիրատվություն կատարել, սակայն ընկերության աշխատակիցներն անհատական միջոցներից փոխանցումներ կատարել են Հիմնադրամին։

Մի քանի ընկերություններից էլ հայտնեցին, որ իրենց գլխամասային գրասենյակների հետ համաձայնեցման փուլում են։  

Շուրջ 24 ընկերության հետ, որոնք Հիմնադրամի խոշոր նվիրատուների ցանկում չկային, կապ հաստատել չհաջողվեց։

Նշենք, որ նվիրատվություն կարող եք կատարել Հիմնադրամի կայքում www.himnadram.org հասցեով, ինչպես նաեւ փոխանցումներ կատարելով ՀՀ Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, ՌԴ ռուբլի, Եվրո հաշվեհամարները՝ Հիմնադրամի էջում):

Նարեկ Մարտիրոսյան, Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել