Տարիքով ինձնից փոքր տղաներ կան, որոնք ուղղակի հերոսական կռիվներ են տալիս թշնամու դեմ․ Արկադի Անդրեասյան
22:36 - 18 հոկտեմբերի, 2020

Տարիքով ինձնից փոքր տղաներ կան, որոնք ուղղակի հերոսական կռիվներ են տալիս թշնամու դեմ․ Արկադի Անդրեասյան

Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրեց Արկադի Անդրեասյանին, որը 2014 թվականի հուլիս-օգոստոսյան հայտնի դեպքերի հերոսներից է, զինհաշմանդամ, որն այս պատերազմում կամավոր մեկնել է առաջնագիծ և մի քանի օր շարունակ մասնակցել մարտական գործողությունների հյուսիսային կողմում, աչքի ընկել հնարամտությամբ, խիզախությամբ և գործողություններով:

«2015 թվականին չավարտեցի ծառայությունս, քանի որ ստացել եմ ականապայթյունային վիրավորում: Այս նենգ պատերազմն ինձ կանչեց վրեժխնդրության իմ զոհված ընկերներների, հրամանատարների, հայ բոլոր նահատակների թափված արյան համար: Մենք պետք է պաշտպանենք մեր երկրի սահմանները, մեր մայրերին, մեր քույրերին, մեր երեխաներին»,- ասաց Անդրեասյանն իր խոսքում։

Նրա խոսքով՝ առաջնագծում բոլոր  տղաները մարտական են տրամադրված, բոլորի սրտում, մտքում միայն մի նպատակ կա. այդ նպատակի անունը հաղթանակ է:

«Տարիքով ինձնից փոքր տղաներ կան, որոնք ուղղակի հերոսական կռիվներ են տալիս թշնամու դեմ: Ես, ճիշտն ասած, նրանց այդ աննկուն կամքից ոգևորվել եմ: Այնտեղ սահմանին է մեր ազգի ճակատագիրը: Ամեն մեկս պետք է իմանանք ու գիտակցենք, որ յուրաքանչյուրիվս է կախված մեր ապագան: Մենք պետք է կերտենք այս հաղթանակը մեր միասնականության, մեր ոգու, մեր ուժի և մեր կամքի շնորհիվ»,- նշեց Անդրեասյանը։

Նա ասաց, որ ով ունակ է զենք բռնելու, ով կարողանում է թիկունքում աշխատանքներ կատարել, և ով ուզում է իր պատիվը փրկել, հենց այսօր, հենց հիմա թող կատարի իր վճռական քայլը:

«Մենք ունենք մի առաքելություն այս պատերազմում և պետք է թշնամուն պարտադրենք խաղաղություն, որը պետք է լինի երկարատև»,- եզրափակեց Արկադի Անդրեասյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել