ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման նկատմամբ վերահսկողության հարցը

 |armenpress.am|
08:59 - 20 հոկտեմբերի, 2020

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման նկատմամբ վերահսկողության հարցը |armenpress.am|

armenpress.am: Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման ռեժիմի նկատմամբ վերահսկողության ապահովման անհրաժեշտությունը: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան:

«Այժմ անհրաժեշտ է ապահովել իրականացումը (կրակի դադարեցման- խմբ.), դա ամենահրատապ հարցն է, քանի որ այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել, սակայն չի պահպանվել»,- ասել է նա՝ նշելով, որ ամենակարևոր հարցը մնում է այն, թե ինչպես ապահովել դրա կատարման նկատմամբ վերահսկողությունը:

Դիվանագետը նշել է նաև, որ այդ հարցը քննարկվել է խորհրդակցությունների ընթացքում և խորհուրդը միակարծիք է եղել մոտեցումներում: Միաժամանակ նա պարզաբանել է, որ տարածաշրջան ՄԱԿ-ի դիտորդական առաքելություն ուղարկելու համար անհրաժեշտ կլինի Անվտանգության խորհրդի հատուկ մանդատը։ «Դա արագ գործընթաց չէ։ Եղել են տեղեկություններ այն մասին, որ ՌԴ պաշտպանության նախարարը Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ քննարկել է այն, թե ինչպես պետք է իրականացվի այդ վերահսկողությունը»,- նշել է Նեբենզյան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել