«Ես նշել եմ՝ պատերազմը ինչ աստիճանի է, ինչ խնդիր են դրել Ադրբեջանի զինված ուժերը Թուրքիայի հետ համատեղ: Դուք րոպեներ առաջ տեսաք Թուրքիայի նախագահի հայտարարությունը: Եթե սա հայության լինելիության, մեր պետականության, մեր ազգի լինելիության գոյապայքարն է, հետևաբար մենք կարող ենք պատասխանել՝ ինչ է նշանակում մեր հաղթելը»,- այսօր կայացած ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանը խոսքով՝ այս մարտական գործողություններում հաղթել նշանակում է մեր անվտանգությունն ապահովել, երկրորդ անգամ ցեղասպանություն թույլ չտալ։
«Վերջին շրջանում եղան հետաքրքիր հայտարարություններ, որոնցից ամենակարևորը, թերևս, Էրդողանի հայտարարությունն էր` կապված իր եղբայր Ալիևի հայտարարությունների և իր նկատմամբ եղած ճնշումների հետ: Օրվա ընթացքում և երեկ Ադրբեջանի նախագահը մի քանի անգամ հայտարարել է, որ նա, իբր, պատրաստ է դադարեցնել կրակը: Ամեն անգամ այս խուսափողական, պատասխանատվությունն իր վրայից գցելու հայտարարությունները հստակ ցույց են տալիս, որ Ադրբեջանը բացարձակապես կրակի դադարեցման ու խաղաղության որևէ ցանկություն չունի, շարունակելու է մարտական գործողությունները, հետևաբար, շարունակվում է մեր լինելիության և մեր գոյապայքարի պատերազմը»,- եզրափակեց իր խոսքը Հովհաննիսյանը։
comment.count (0)