Քննչական կոմիտեի 15 ծառայողներ զորակոչվել եւ ծառայության են նշանակվել տարբեր զորամասերում, կամավորագրվել է 4 ծառայող, որոնք այժմ առաջնագծում են։ Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը։
«150-ից ավելի կամավորագրված քննիչներ ունենք, որոնք երրորդ օրն է՝ տեսական եւ գործնական վարժանքներ են անցնում՝ նույնպես առաջնագիծ մեկնելու»,- ասաց նա։
ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանն էլ նշեց, որ այժմ քննարկվում է միջազգային քրեական դատարան դիմելու հարցը։
«Սա քննարկվել է Քննչական կոմիտեում։ Պիտի ձեռնարկենք բոլոր միջոցառումները, որ հնարավոր միջազգային բոլոր ատյաններ ներկայացված փաստական տվյալների հիման վրա լինի համարժեք քրեական պատասխանատվություն եւ պատիժ՝ Ադրբեջանի գործողությունների առնչությամբ»,- ասաց նա։
Անդրադառնալով համացանցում տարածված տեսանյութին, որտեղ, իբր հայերեն խոսող ադրբեջանցի ռազմագերի է, Ռաֆայել Վարդանյանը նշեց․
«Ապատեղեկատվություն է, թե տարածված տեսանյությում երեւացող անձը հայերեն խոսող ադրբեջանցի ռազմագերի է։ Տեսանյութի անձը ՀՀ քաղաքացի է եւ որեւէ մասնակցություն չի ունեցել Ադրբեջանի ԶՈՒ-ի իրականացրած գործողություններին»։
comment.count (0)