Հոկտեմբերի 29-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ուրուգվայի ԱԳ նախարար Ֆրանսիսկո Բուստիժո Բոնասոյի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նախարարն իր ուրուգվայցի գործընկերոջը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով ստեղծված իրադրությունը՝ համապարփակ անդրադառնալով ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի ժողովրդի դեմ իրականացվող պատերազմական գործողություններին: Արձանագրելով, որ ադրբեջանական կողմի գործողություններն ուղեկցվում են կենսական նշանակության ենթակառուցվածքների, այդ թվում, առողջապահական հաստատությունների հրթիռակոծմամբ՝ հանգեցնելով մեծաթիվ զոհերի և վիրավորների քաղաքացիական բնակչության շրջանում, նախարար Մնացականյանն ընդգծել է Արցախի ժողովրդին իր պատմական հայրենիքից բնաջնջելու ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության ցեղասպան ձեռագիրը:
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդությամբ հրադադարի հաստատման վերաբերյալ պայմանավորվածություններին՝ ՀՀ ԱԳՆ ղեկավարը խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից իր ստանձնած պարտավորություններից միակողմանի հրաժարվելու ուխտադրուժ կեցվածքը՝ նշելով, որ այն ոչ այլ ինչ է, քան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու քաղաքականության շարունակական դրսևորում:
Զրույցի առանցքային թեմաներից էր Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանն անմիջական սպառնալիք հանդիսացող Թուրքիայի բացասական դերակատարության աճը: Նախարար Մնացականյանը շեշտել է, որ սատար կանգնելով Ադրբեջանի կողմից մղվող պատերազմին՝ Թուրքիան փորձում է կյանքի կոչել տարածաշրջանը ահաբեկչական կենտրոնի վերածելու իր աղետալի ձգտումները:
Երկուստեք ընդգծվել է կրակի անհապաղ դադարեցման և հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:
comment.count (0)