Ադրբեջանի ԶՈՒ-ի ցամաքային պոտենցիալը լրջագույնս վնասված է, և հիմնական հույսը մնացել են վարձկանները․ Արծրուն Հովհաննիսյան
22:16 - 01 նոյեմբերի, 2020

Ադրբեջանի ԶՈՒ-ի ցամաքային պոտենցիալը լրջագույնս վնասված է, և հիմնական հույսը մնացել են վարձկանները․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր առավոտից թշնամու զորքերը և ահաբեկչական խմբավորումները, վարձկանները, հրոսակախմբերը տարբեր ուղղություններով շարունակել են հարձակողական գործողությունները հիմնականում փոքր խմբերով, օջախային հարձակումներով՝ տեղ-տեղ կիրառելով հրետանի, որոշ տեղերում նաև օդային հարձակողական միջոցներ, մարտավարական օդուժ։ Այս մասին այսօրվա ճեխազրույցի ընթացքում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկաայցուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Ըստ էության, ողջ օրվա ընթացքում բոլոր ուղղություններով որևէ նշանակալի դիրքային փոփոխություններ տեղի չեն ունեցել՝ չնայած տեղի ունեցած մարտական գործողություններին։ Այս պահի դրությամբ էլ մարտերը շարունակվում են»,- նշեց նա։ 

Հովհաննիսյանի խոսքով՝ դեռ բազում անակնկալներ կան, ինչքան էլ Թուրքիան ու Ադրբեջանը փորձեն հերքել վարձկան ահաբեկիչների առկայությունը և կիրառությունը մարտական գործողությունների համար։

«Մենք շատ լավ գիտենք և տիրապետում ենք ամբողջական տեղեկությունների՝ որտեղ, որ տեղամասում, ինչպես են նրանց առաջադրանքներ տալիս, ինչ խնդիր են փորձում նրանցով լուծել։ Պետք է ասել, որ նրանցով առաջին գծում կոնկրետ խնդիրների կատարման փորձերը վկայում են նաև այն մասին, որ Ադրբեջանի ԶՈՒ-ի ցամաքային պոտենցիալը լրջագույնս վնասված է, և հիմնական հույսը մնացել են այս վարձկանները»,- ասաց նա։  

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք այս գիշեր ևս հակառակորդը կիրառել է ֆոսֆոր, Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ հակառակորդը նույն սպառազինությունը և նույն զինամթերքը շարունակում է կիրառել տարբեր ուղղություններով։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել