«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․

«Շուրջ 45 օր շարունակ արտաքին թշնամու դեմ կռիվ տվող հայ զինվորի կամքի, հնարամտության և ռազմական մտքի գերազանց իրականացման արդյունքում հնարավոր է դարձել կասեցնել թուրք-ադրբեջանական հրոսակախմբերի և նրանց կողմից վարձված ահաբեկիչների համատեղ արշավը։ Սահմանի ամեն մի մետրի համար կյանք տվող հայորդիների հերոսական ջանքերը հնարավոր են դարձնում բեկել պատերազմի ընթացքը՝ մեր վերջնական հաղթանակն առավել իրական դարձնելու և դարավոր հակառակորդին այս մի ճակատում անվերադարձ խաղաղություն պարտադրելու միջոցով։

Ճակատում կռվող զինվորից ոչ պակաս կարևոր է նաև թիկունքում միասնականության մթնոլորտի պահպանումը։ 2018 թվականին համաժողովրդական վերելքի միջոցով ինքնորոշման ուղին բռնած և ավտորիտարիզմից անվերադարձ ազատագրված Հայաստանն ազատ ու անկոտրում Արցախի գոյության միակ երաշխավորն է։ Պատերազմի այս օրհասական պահին միայն գերագույն գլխավոր հրամանատարի առաջնորդությամբ Հայաստանի ռազմական-քաղաքական-բանակային ղեկավարության շուրջ համախմբումը կարող է ապահովել սահմանների ամրությունն ու հայկական բանակի և հայկական պետականության հաղթանակը։

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը խստորեն դատապարտում է մի շարք քաղաքական ուժերի կողմից պատերազմի այս ճակատագրական պահին, ռազմական դրության ժամանակ կառավարության հրաժարականի պահանջը։ Այդպիսի կենտրոնախույս միտումները գնահատում ենք որպես դավաճանություն՝ նախ և առաջ կենաց ու մահու պայքար մղող հայ զինվորի, այնուհետև՝ մեր պետականության նկատմամբ, դրանից բխող բոլոր իրավական և քաղաքական հետևանքներով»։