Հադրութցիները պահանջում են վերադարձնել Հադրութի շրջանը |hetq.am|
19:51 - 11 նոյեմբերի, 2020

Հադրութցիները պահանջում են վերադարձնել Հադրութի շրջանը |hetq.am|

hetq.am: Հադրութի շրջանի բնակիչներն այսօր՝ նոյեմբերի 11-ին բաց նամակով դիմել են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին՝ Հադրութի շրջանն ամբողջությամբ Արցախին վերադարձնելու պահանջով: Նրանք ստորագրահավաք են կազմակերպել և դիմել նաև միջազգային կառույցներին: Այս մասին հայտնեց Հադրութ քաղաքի բնակիչ, Հադրութի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Երազիկ Ավանեսյանը:

«Հադրութն իր պատմության մեջ չի եղել Ադրբեջանի տիրապետության տակ: Մենք պահանջում ենք, որ Հադրութը վերադարձնեն հադրութցիներին: Ինչո՞ւ տալ Հադրութը ադրբեջանցուն, և չգրավված Աղդամը հենց այնպես նվիրել ադրբեջանցիներին: Եթե հարցը փոխզիջմանն է վերաբերում, և Աղդամը տալիս են, գոնե այնպես անեին Հադրութը հետ վերցնեին: Մեծ մեղք է, որ մեր հայկական հողը նվիրենք Ադրբեջանին: Սա նվեր է, որովհետև ոչ մի փոխզիջում Հադրութի համար չեն արել, նույնն էլ Շուշիի համար»,- հայտնեց Երազիկ Ավանեսյանը:

Հադրութի բնակիչն այս ամենն անարդար է համարում: 

«Որպես արցախցի մենք այնքան բարեկիրթ էինք, որ այս 40 օրվա ընթացքում երբեք դուրս չենք եկել ցույցերի Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ հաշվի առնելով, որ մենք չենք ընտրել նրան: Ստացվում է, որ ինքն այդքան էլ բարեկիրթ չի ու մեր փոխարեն որոշել է: Ցավոտ է, ու այս կորուստն անդառնալի է: Եթե նրանք Հադրութը հետ չտան, ամեն մի արցախցի Կոմիտասի նման է լինելու, բոլորս այս պահին խելագարման եզրին ենք: Հայաստանի և Արցախի հանրապետությունները մի տողով չեն ասում, թե ինչ է լինելու Արցախի բնակչության հետ: 100-150 հազար բնակիչ Արցախից այսօր Հայաստանում է: Ոչ ոք չի ասում՝ մեր ճակատագիրը որտեղ է ավարտվելու»,- նշեց նա:

Փոխզիջումների մասին խոսելիս Երազիկն ասում է, որ համաձայնագրի մեջ դրանք գոնե մի տողով պետք է լինեին՝ ի շահ Արցախի. «Այս համաձայնագրի մեջ չկա մի այնպիսի տող, որտեղ արցախցին ունի ինչ-որ շահ: Ո՞րն է այս համաձայնագրում արցախցու բաժինը: Չկա»:

Հադրութցիները Հայաստանի իշխանություններին չեն պատրաստվում դիմել:

Ավելին՝ hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել