Շուշիի հանձնման պայմանն առաջադրվել է եթե ոչ ի սկզբանե, համենայն դեպս սկբնական շրջանում․ Նիկոլ Փաշինյան
12:28 - 16 նոյեմբերի, 2020

Շուշիի հանձնման պայմանն առաջադրվել է եթե ոչ ի սկզբանե, համենայն դեպս սկբնական շրջանում․ Նիկոլ Փաշինյան

Շատ են ասում, որ Շուշին ուղղակի հանձնվել է։ Ես կարդացի Արցախի նախագահի գրառումը, որտեղ ասվում էր Շուշիի մատույցներում հարյուրից ավելի մեր զինվորների մարմիններ են հայտնաբերվել։ Բա եթե Շուշին հանձնվել է, այդ զինվորները ո՞ւմ հրամանով են կռվել կամ ինչի՞ համար են կռվել։ Այս մասին այսօր տեղի ունեցած օնլայն ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե  ինչու եւ ինչպես է ընկել Շուշին։ Դուք նշել եք, որ պատերազմը դադարեցնելու համար պահանջում էին հանձնել Շուշին, ո՞ր կողմն է նման պահանջ ներկայացրել, պատերազմի սկզբից ռազմական գործողությունները դադարեցնելու համար ինչ տարբերակներ են Ձեզ առաջարկվել ռուսական եւ ադրբեջանական կողմերից։

«Կային հայտարարություններ, թե կան կոնրետ տվյալներ, անուններ, որոնք պատրաստ են վկայել, որ Շուշիի հետ կապված դավադիր որոշում է կայացվել։ Իրավապահները այդ հայտարարության հեղինակին հրավիրել են, ես տեղյակ եմ, որ փորձել են նրանից ստանալ կոնկրետ ետղեկություններ, թե ովքեր են դավադիրները, ինչի մասին է խոսքը եւ ինչպես է դա տեղի ունեցել, եւ, ինչքանով տեղյակ եմ, հայտարարության հեղինակը խուսափել է կոնկրետ պատասխաններ տալ։

Եզրակացությունը հետեւյալն է․ եթե կա դավաճանություն, եւ ինչ-որ մեկը հայտարարում է, որ դրա մասին կոնկրետ տեղեկություն ունի, իսկ հետո իրավապահներին հրաժարվում է կոնկրետ տեղեկություն տալ, ստացվում է մասնակցություն դավաճանությանը, եթե ասվում է՝ իրավապահներին չի վստահում, դրա համար չի հայտարարում, թող հրապարակային հայտարարի՝ ինչ է տեղի ունեցել իրականում»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ իրականում տեղի է ունեցել այն, ինչ պաշտոնապես հայտարարվել է․ շարունակաբար ներթափանցում է տեղի ունեցել քաղաք, եւ, ցավոք, ընկել է Շուշին։

Հարցին, թե որ կողմն է պահանջ ներկայացրել հանձնել Շուշին, ու պատերազմի սկզբից ռազմական գործողությունները դադարեցնելու համար ինչ տարբերակներ են առաջարկվել ռուսական եւ ադրբեջանական կողմերից, վարչապետը պատասխանեց ամեն անգամ, երբ մի որեւէ փոխզիջումային տարբերակ ընդունելի է դարձել հայկական կողմերի համար, այդ տարբերակը նույն պահին անընդունելի է դարձել Ադրբեջանի համար։

«Շատ կարեւոր է հասկանալ, թե կարո՞ղ էինք մենք խուսափել պատերազմից․ այո, կարող էինք, եթե համաձայնեինք հանձնել յոթ շրջանները՝ ներառյալ Շուշին։ Բայց արդյոք դա՞ էր այն քաղաքականությունը, որն ուզում էինք վարել․ ոչ, դա չէր։ Եվ Արցախի ՊԲ-ն, ՀՀ կառավարությունն ու ԶՈՒ-ն որոշեցին ընդունել նետված մարտահրավերը։ Ցավոք, դրա ընդունումը չբերեց այն արդյունքներին, որը բոլորս կցանկանայինք, բայց նաեւ այն պատճառով, որ պարտության անխուսափելիության խոսույթը առաջին օրվանից ներկա է եղել առաջնագծում։ Եվ այսօր քաղաքական գործիչներ, որոնք պատերազմի առաջին օրից կոչ էին անում պատերազմը կանգնեցնելու գնով հանձնել տարածքներ, այսօր Հայաստանի կառավարությանը մեղադրում են դավաճանության մեջ»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ բովանդակային տարբերություն չկա շուտի եւ ուշի մեջ․ Շուշիի հանձնման պայմանն առաջադրվել է եթե ոչ ի սկզբանե, համենայն դեպս սկբնական շրջանում։

«Քանի դեռ թեկուզ տեսական հնարավորություն կար այդ ամենը պաշտպանելու, ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն, Արցախի ՊԲ-ն որոշել են կռիվ տալ մինչեւ վերջ, եւ հերոսաբար, մինչեւ վերջին վայրկյանը կռիվ են տվել։ Ցավոք, մենք չենք կարողացել այդ խնդիրը լուծել, մե՞նք ենք դրա պատասխանատուն, այո, մենք ենք պատասխանատուն, որովհետեւ վերջին 2,5 տարվա ընթացքում չենք կարողացել լրացնել տասնյակ տարիներով չարվածը։ Դրա համար, իհարկե, պատասխանատու ենք»,- ընդգծեց վարչապետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել