Այսօրվա իշխանությունը չի կարող հերքել, որ զենք է ձեռք բերել՝ չկարդալով ՌԴ կառավարության որոշումը․ ՍՈՒ-30-ները Հայաստանում են առանց զինամթերքի․ Մովսես Հակոբյան
17:13 - 19 նոյեմբերի, 2020

Այսօրվա իշխանությունը չի կարող հերքել, որ զենք է ձեռք բերել՝ չկարդալով ՌԴ կառավարության որոշումը․ ՍՈՒ-30-ները Հայաստանում են առանց զինամթերքի․ Մովսես Հակոբյան

ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն այսօրվա ասուլիսի ընթացքում հայտնեց, որ 2016-ին կազմվել է սպառազինության, ռազմական տեխնիկայի ձեռքբերման պլան։ Այդ ժամանակ ինքը կարճ ժամկետով նշանակվել է ՊՆ տեղակալ-դեպարտամենտի պետ, եւ այդ պայմանագրերը ինքն է կնքել։

«Ինչ է ձեռք բերվել․ Սմերչ կայաններ, Տոռեր, Իգլաներ․ այս զենքերը այս պատերազմում կռվել են։ Դրանց մեծ մասը ձեռք է բերվել 2017-ին, Տոռերի մի մասը՝ հաջորդ տարի։ Մեծ քանակությամբ նռնականետեր են ձեռք բերվել, եւ այլն։ 2018-22-ի զարգացման պլանով նախատեսված է եղել գնել եւս երկու դիվիզոն Տոռ, ընդ որում 2018-ին դրա գումարի տասը տոկոս կանխավճարն արդեն մուծված է եղել։ Ընդ որում՝ այդ պլանը վերացական չի եղել։ Գումարները կային, ամբողջությանմբ, դա ցանկությունների պլան չի եղել։ Պիտի ձեռք բերվեր եւս մեկ դիվիզիոն Սմերչ, պիտի կատարելագործվեր մեր Իսկանդերի համակարգը, պիտի ձեռք բերվեին Կոռնետներ եւ մեծ քանակությամբ զինամթերք։ 2018-ի գործող պլանը փոխել են, ինչ են ձեռք բերել․ ՍՈՒ-30, ZU 23-22, հետագայում նաեւ ՕՍԱ-ներ»,- ասաց նա։

Հակոբյանի խոսքով՝ դրանցից ոչ մեկը չի կրակել պատերազմի ընթացքում։ Ըստ նրա՝ դրանք  ձեռք են բերել, որովհետեւ չեն պատկերացրել՝ պատերազմն ինչ է։

«Սա էլ չեն կարող հերքել, որովհետեւ ես երկրի ղեկավարին անձամբ իր կաբինետում նստած ասել եմ՝ սրա համար պատասխան եք տալու։ Այդ ժամանակ ՍՈՒ-30-ներն արդեն ձեռք էին բերվել։ Երբ ես եղել եմ դեպարտամենտի պետ, ԳՇ պետ, ՍՈՒ-30 վաճառողները ինձ սպասում էին, որպեսզի դա վաճառեն մեզ։ Զենքի վաճառքն այդպես է, ամեն ձեւ փորձում են քեզ վաճառել։ Ես հետո իմացա՝ իմ երթուղին ով է տալիս, որ նրանք հայտնվեն այնտեղ, որ փորձեն վաճառել, որովհետեւ ես 2016-ից մերժել եմ, հիմնավորել եմ երկրի նախագահին, թե ինչու մեզ պետք չէ ՍՈՒ-30»,- ասաց նա։

Հակոբյանը նշեց, որ այսօրվա իշխանությունը չի կարող հերքել, որ զենք է ձեռք բերել՝ չկարդալով ՌԴ կառավարության որոշումը, թե որ զինամթերքն իրեն չեն վաճառելու։

«Այն զինամթերքը, որ ձեռք է բերվել, ՌԴ կառավարության որոշմամբ՝ այդ զինամթերքի՝ երկրորդ երկրին վաճառելն արգելվում է, դրա համար այդ ՍՈՒ-30-ները Հայաստանում են առանց զինամթերքի»,- ասաց նա։

Հակոբյանի խոսքով՝ ինքը նաև ասել է, որ ՕՍԱ-ների ձեռքբերումը նպատակահարմար չէ, նոր սերնդի պատերազմ է լինելու։ 

«Մենք ունենք պայմանագիր, լավ, ՏՈՌ-ի գումարները ծախսել եք, ՍՈՒ եք առել, էս տարվա գումարները դրեք՝ ՏՈՌ առեք․․․ բա՝ ՏՈՌ-ի պայմանագիրը երկար է տեւում, եւ այլն․․․։ Ես պնդել եմ, որ դա սխալ է, եւ պիտի ձեռք բերվի արդիական սպառազինություն։ Օդը փակե՞լ են․ ինչքա՞ն ԱԹՍ է խոցվել եւ ինչից։ Խոցվել են հրաձգային զենքից, Իգլայից, ՏՈՌ-ից»,- ասաց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել