Ադրբեջանի սանձազերծած պատերազմում հայկական կողմի եւ Ադրբեջանի սպառազինությունները, ինչպես նշում են փորձագետները, թե՛ քանակապես, թե՛ հզորությամբ, եղել են անհամեմատելի։ Արցախում ընթացած 5-րդ սերնդի այս պատերազմի ժամանակ օգտագործվեցին գերժամանակակից միջոցներ, այդ թվում՝ հարվածային եւ հետախուզական ԱԹՍ-ներ, բալիստիկ հրթիռներ, գերձայնային կործանիչներ եւ այլն․ 45 օրերը որակվեցին որպես վերջին տասնամյակներում տեղի ունեցած աննախադեպ ռազմական գործողություններ։
Պատերազմի ընթացքում ունեցած հաջողությունների մասին փաստերը կողմերը ներկայացրել են հիմնականում տեսանկարահանումների միջոցով։ Հայկական կողմը միայն վերջին օրերին էր սկսել նկարահանումներն իրականացնել ԱԹՍ-ների միջոցով։ Հակառակորդի պարագայում պատկերն այլ էր․ առաջին իսկ օրերից Ադրբեջանը ակտիվ կերպով օգտագործել է ԱԹՍ-ներ՝ հետախուզական տվյալներ ստանալու եւ նկարահանումներ անելու համար։
Սակայն հետախուզության համար օգտագործված ԱԹՍ-ները միակ սպառնալիքը չէին Արցախի տարածքը դիտարկելու եւ ճշգրիտ տեղադիրքեր ստանալու համար։ Ադրբեջանի «զինանոցում» հետախուզություն իրականացնելու, ճշգրիտ կոորդինատներ ստանալու եւ նկարահանումներ իրականացնելու համար կա նաեւ այլ գործիք՝ արբանյակ։
Ադրբեջանն ունի երեք արբանյակ, որոնցից մեկի միջոցով կարողանում է տեսնել ինչպես մեր դիրքերում, այնպես էլ թիկունքում իրականացվող ցանկացած շարժ։ Ադրբեջանական Azercosmos արբանյակային ընկերությունը հիմնադրել է կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը՝ 2010 թվականին՝ հեռահաղորդակցային նպատակով։ Ադրբեջանական առաջին արբանյակը եղել է Azerspace-1-ը, որն ընդգրկել է Եվրոպան, Աֆրիկան, Մերձավոր Արեւելքը, Կենտրոնական Ասիան եւ Կովկասը։ Նախատեսված է եղել ռադիոյի եւ հեռուստատեսային հեռարձակման ծառայությունների մատուցման համար։ Երկրորդը եղել է Azerspace-2 արբանյակը (գործում է 2018 թ-ից), որի գործառույթները նույնպես տրամագծորեն չեն տարբերվում նախորդից։
2014 թվականին Ադրբեջանը Ֆրանսիայից գնել է եւս մեկ արբանյակ՝ Spot7-ը, որը հետագայում վերանվանվել է Azersky, դրա միջոցով էլ իրականացրել է տարածքների դիտարկումը եւ անհրաժեշտ նշանակետերի տեղորոշումը։
Ինչ է Azersky-ը
Ադրբեջանական Azersky արբանյակը նախատեսված է Երկրի դիտման համար։ Azercosmos արբանյակային ընկերությունը ֆրանսիական Airbus Defense and Space ընկերության հետ կնքել է ռազմավարական համագործակցության պայմանագիր, ըստ որի՝ Ադրբեջանը գնում եւ շահագործում է Spot 7 արբանյակը։ Ըստ պայմանագրի՝ երկու կողմերի համագործակցությունը նախատեսում է նաեւ ադրբեջանական Azersky եւ ֆրանսիական Spot-6 արբանյակների համատեղ շահագործում եւ արբանյակային որակյալ նկարահանումների համատեղ ստացում, ինչը նշանակում է, որ երկրագնդի ցանկացած կետ ամեն օր կարող է դիտվել բարձր որակով։ Սա հաստատել է նաեւ Azercosmos-ի կոմերցիոն գծով գլխավոր տնօրեն Դեն Ռադուն։
Վարդենիս-Մարտակերտ ճանապարհ, նկարը՝ Azersky արբանյակից
Լուսանկարն արվել է Azersky արբանյակից։ Արբանյակը ֆրանսիական Spot-6-ի հետ համատեղ կարող է նկարել օրական 6 մլն քառակուսի կիլոմետր տարածք, որը Հայաստանի տարածքից ավելի է մոտ 201 անգամ։ Պայմանագրային համագործակցությունը նախատեսում է ոչ միայն տվյալների համատեղ մշակում եւ միմյանց փոխանցում, այլեւ մասնագետների պատրաստում եւ հմտությունների փոխանակում։
Ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ դրա ողջ ընթացքում հակառակորդը դիտարկել է մեր տեղանքը, ստացել անհրաժեշտ կոորդինատները՝ հենց այս արբանյակի շնորհիվ։ Մարտավարատեխնիկական բնութագրի համաձայն՝ արբանյակը կարող է Հայաստանի եւ Արցախի տարածքները նկարահանել ամեն օր։ Երկու արբանյակները միասին կարող են ստեղծել տեղագրական քարտեզներ 1։25000 մասշտաբային հարաբերակցությամբ, կարող են դիտարկել նույնիսկ մառախլապատ եղանակային պայմաններում, ինչպես նաեւ կարող են պատրաստել ռելիեֆի թվային մոդելներ՝ 5-10 մետր ճշգրտությամբ։
Փաստորեն, Արցախում մեր նշանակետերը հայտնաբերելու, ճշգրիտ կոորդինատներն իմանալու եւ խոցելու համար օգտագործվել են ֆրանսիական արտադրության արբանյակներ՝ ինչպես Ադրբեջանի գնած Azersky-ը, այնպես էլ այս պահին ֆրանսիական ընկերության շահագործման տակ գտնվող Spot-6-ը։
Բերձոր(Լաչին), նկարը՝ Azersky արբանյակից
Շուշին՝ Ադրբեջանի գրավումից հետո, նկարը՝ Azersky արբանյակից
Նարեկ Մարտիրոսյան
comment.count (0)