Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, դատարանում ընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը |armtimes.com|
15:14 - 01 դեկտեմբերի, 2020

Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, դատարանում ընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը |armtimes.com|

armtimes.com: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, շարունակվում է Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի գործով դատական նիստը։

Դատավոր Վահե Միսակյանը, ներս հրավիրելով լրատվամիջոցների ներկայացուցիչներին, տեղեկացրեց, որ այս պահից սկսած՝ թույլատրում է նիստի տեսա եւ լուսանկարահանում, այդ թվում՝ ուղիղ հեռարձակմամբ։ Ավելի վաղ դատավորը դուրս էր հրավիրել լրագրողներին՝ նիստի մի հատված դռնփակ անցկացնելու հարցը քննարկելու համար։ Ըստ էության՝ որոշվեց, որ նիստը շարունակվելու է դռնբաց։

Այնուհետեւ դատավորը ճշտեց՝ կողմերը բացարկի կամ այլ միջնորդություններ ունե՞ն, թե՞ ոչ։ Մեղադրանքի կողմը այդպիսիք չուներ, իսկ պաշտպանական կողմը ուներ։ Մասնավորապես՝ պաշտպան Կարեն Մեժլումյանը միջնորդություն ներկայացրեց արագացված դատական քննության անցնելու մասին։ Նա հայտարարեց, որ Նարեկ Սարգսյանը համաձայն է իրեն առաջադրված մեղադրանքին, ընդունում է դրանք, գիտակցում է միջնորդության բնույթն ու հետեւանքները եւ այն ներկայացնում է կամավոր, պաշտպանների հետ խորհրդակցելուց հետո։ Դատավորի հարցին ի պատասխան՝ Նարեկ Սարգսյանը եւս պնդեց միջնորդությունը՝ հավելելով, որ իրեն պարզաբանված են դատական քննության այդ կարգի առանձնահատկությունները, իր իրավունքներն ու պարտականությունները։ Դրանք պարզաբանեց նաեւ դատավորը։

Նշենք, որ Քրեական դատավարության օրենսգրքի 375․1 հոդվածի համաձայն՝ մեղադրյալն արագացված դատական քննության կարգ կիրառելու միջնորդությամբ հանդես գալու իրավունք ունի, եթե համաձայն է իրեն առաջադրված մեղադրանքին։ Այդ դեպքում դատարանը քրեական գործով ձեռք բերված ապացույցների ընդհանուր կարգով սահմանված հետազոտություն չի կատարում, ուսումնասիրում է ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները: Այս կարգը կարող է կիրառվել, եթե մեղսագրվող հանցագործությունների համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պատիժը չի գերազանցում 10 տարի ժամկետով ազատազրկումը, իսկ կայացված դատավճիռը հետագայում ենթակա չէ բողոքարկման։

 

Շարունակությունը՝ armtimes.com-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել