Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավական սահմանը վերջնական արձանագրված չէ․ մոտակա շաբաթների  ընթացքում տեղի են ունենալու բանակցություններ․ Տիգրան Ավինյան
17:13 - 09 դեկտեմբերի, 2020

Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավական սահմանը վերջնական արձանագրված չէ․ մոտակա շաբաթների  ընթացքում տեղի են ունենալու բանակցություններ․ Տիգրան Ավինյան

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը խնդրեց հանրությանը ներկայացնել, թե այս պահին ինչ գործընթացներ են իրականացվում Սյունիքի մարզում սահմանագծման աշխատանքների մասով: Նա նշեց, որ խոսքը, մասնավորապես, Տեղ համայնքի, Գորիս-Կապան ճանապարհահատվածի մասին է: Պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչ աշխատանքներ են իրականացվել նոր սահմանները պաշտպանելու, և անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

Պատգամավորի հարցին պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Փոխվարչապետի խոսքով` այս պահի դրությամբ ամբողջ սահմանի երկայնքով միջգերատեսչական խումբ է աշխատում, սահմանի երկայնքի վերաբերյալ իրավական փաստաթղթեր են նախապատրաստվում սպասվելիք բանակցությունների համար, որոնք տեղի են ունենալու, ամենայն հավանականությամբ, հենց այս տարի երկու կողմերի միջև ռուս գործընկերների միջնորդությամբ:

«Այս պահի դրությամբ Հայաստանի Հանրատետության և Ադրբեջանի Հանրապետության միջև իրավական սահմանը վերջնական արձանագրված չէ, և մենք վեր ենք հանել բոլոր այն իրավական փաստաթղթերը և քարտեզները, որոնք հիմք են հանդիսանալու այդ բանակցությունների համար, և այդ օրակարգով մոտակա շաբաթների  ընթացքում տեղի են ունենալու բանակցություններ»,- ասաց նա:

Անդրադառնալով Զինված ուժերի փաստացի տեղակայման հարցին` փոխվարչապետը նշեց, որ այս պահի դրությամբ Տեղ գյուղի ներքևի հատվածում գտնվող տարբեր դիրքերում հայկական կողմն ունի ԶՈՒ ներկայացուցիչներ, և ԶՈՒ վերջնական տեղակայումներն ամբողջ սահմանով տեղի կունենան պայմանավորվածությունների և բանակցությունների արդյունքում:

Արմեն խաչատրյանն էլ, արձագանքելով փոխվարչապետին, խնդրեց, որ հնարավորինս հրապարակեն իրականացվող աշխատանքների մասին տեղեկություններ, որքանով որ այդ տեղեկությունները ռազմական գաղտնիք չեն պարունակի:

Տիգրան Ավինյանն էլ նշեց` պետք է փորձեն այնպես անել, որ միջգերատեսչական խմբի կատարծ աշխատանքը նույնպես տեսանելի լինի:

«Ուզում եմ վստահեցնել, որ ՀՀ սահմանից այս կողմ որևէ բան զիջված չէ և չի կարող լինել: Ուզում եմ նաև հստակեցնել, որ իրավական սահմանը, որպես այդպիսին, բանակցությունների արդյունքում վերջնական փաստաթղթի տեսքով պետք է ընդունեն երկու կողմերը»,- եզրափակեց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել