Ես ասել եմ՝ չեմ ուզում մասնակցել հանրահավաքին, ինձ պատասխանել են՝ ուրեմն չես կարող աշխատել այստեղ․ Toyota Yerevan-ի աշխատակից Գոռ Մելիքբեկյան
18:20 - 22 դեկտեմբերի, 2020

Ես ասել եմ՝ չեմ ուզում մասնակցել հանրահավաքին, ինձ պատասխանել են՝ ուրեմն չես կարող աշխատել այստեղ․ Toyota Yerevan-ի աշխատակից Գոռ Մելիքբեկյան

Toyota Yerevan ընկերության աշխատակից Գոռ Մելիքբեկյանն ու իր գործընկերները բանավոր զգուշացում են ստացել՝ Հանրապետության հրապարակում ընդդիմադիր դիրքերից հանդես եկող 17 կուսակցությունների այսօրվա հանրահավաքին չմասնակցելու պարագայում ազատվելու են աշխատանից։ Այս մասին Infocom-ի հետ զրույցում ասաց Մելիքբեկյանը՝ հավելելով, որ այս պահին դեռեւս աշխատանքից ազատվելու մասին հրամանագիր ստորագրված չէ։ Նա նշեց, որ ընկերության ղեկավարությունն, ըստ ամենայնի, կապ չունի հրահանգի հետ, եւ որ սա «վերեւից» եկած հրաման է՝ «ով մասնակցում է՝ լավ, ով ոչ՝ դուրս է գալիս աշխատանքից»․

«Ես պատասխանել եմ, որ չեմ ուզում մասնակցել հանրահավաքին, պատճառներ չեմ ներկայացրել, ինձ էլ պատասխանել են՝ ուրեմն չես կարող աշխատել այստեղ»,- ասաց մեր զրուցակիցը՝ հայտնելով, որ դեռեւս աշխատանքից ազատման դիմում չի գրել։

Մելիքբեկյանը պարզաբանեց, որ բարձրաձայնում է եղելության մասին, քանի որ կարեւոր է համարում, որ հանրությունը տեղյակ լինի, թե ինչ մակարդակով է կազմակերպվել հանրահավաքը․

«Խնդրի մասին չեմ բարձրաձայնում, որպեսզի վերականգնեմ աշխատանքս, դա ինձ պետք չէ, եթե հարաբերություններ են փչանում, ոչ ֆորմալ հարաբերություններ են մտնում աշխատանքային մթնոլորտ՝ իմաստ չունի աշխատելը։ Նպատակս այն է, որ հանրությունն իմանա, որ մարդկանց օրվա հացի փողից զրկելու մեթոդով են տանում հանրահավաքի։ Մյուս բոլոր գործընկերներս էլ, որոնք գնացել են, նույնպես դեմ են դրան, գնում են՝ զուտ հացի գումարը չկորցնելու համար։ Աշխատանք կորցնել-չկորցնելու գերխնդիր չկա»։

Գոռ Մելիքբեկյանը մեր հարցին ի պատասխան մանրամասնեց, որ չորս տարիների աշխատանքային գործընթացքում որևէ խնդիր չի եղել, չի եղել դեպք, որ իր աշխատանքային պարտավորություններից ավելին պահանջեն․ «Այս անգամ պարզ երեւաց, որ վերեւից եկած հրաման է։ Ես ու իմ մի քանի գործընկերներ այլեւս չենք ցանկանում վերադառնալ աշխատանքի, բայց քանի որ դեռեւս փաստացի ազատված չենք պարտականություններից, հավելյալ մանրամասներ չեմ կարող ներկայացնել»,- երզափակեց Toyota Yerevan-ի աշխատակից Գոռ Մելիքբեկյանը։

Toyota Yerevan ընկերությունից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։ Մեկնաբանություն ստանալու դեպքում կհրապարակենք նաեւ կազմակերպության դիրքորոշումը։

Ասպրամ Փարսադանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել