news.am: Ինչ ճանապարհով էլ գնաս, կարեւոր է, որ մարդիկ քո հետեւից գան. կա երկու ճանապարհ. մեկը սահմանադրական, երբ հավաքվում են 100 հազարից ավելի մարդ, եւ իշխանությունը պարալիզացվում է եւ ստիպված հանձնում է իշխանությունը, կամ ապստամբություն: Այս մասին այսօր՝ հունվարի 26-ին, Արարատի մարզում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
«Ոչ ոք չի կարող ասել, որ A քայլից հետո կլինի B քայլը, հետո կլինի C քայլը եւ հարցը կլուծվի: Հիմա ես ճանապարհային քարտեզ ներկայացնել չեմ կարող, բայց շարժումն ինքը փորձում է փոքր միջոցներով գնալ: Նաեւ նախատեսել ենք փետրվարի 18-ին հսկայական հանրահավաք անել, որովհետեւ այդ օրը խորհրդանշական օր է: Մի կողմից այդ օրը սկսվեց Ղարաբաղյան շարժումը, մյուս կողմից փետրվարի 18-ին 1920 թվականի դաշնակների ապստամբությունն էր: Եկեք միասին մտածենք, թե ինչ անենք: Բացի մեզնից հունվարի 28-ին ինչ-որ մարդիկ էլի հանրահավաք են անում: Վերջիվերջո այդ բոլոր արմատները կմիանան, կդառնան մի գետ, որը կքշի իրենց: Ավելի մանրամասն ասել չեմ կարող»,-ասաց Վազգեն Մանուկյանը:
Նա խոսեց նաեւ արտահերթ ընտրությունների մասին՝ նշելով. «Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքն ուզում է արտահերթ ընտրություններ կազմակերպել ինքը: Մենք էլ ենք ասում, որ ուզում ենք արտահերթ ընտրություններ կազմակերպել: Որն է տարբերությունը. Մենք ասում են՝ հիմա ժամանակը չի, երկրորդ Նիկոլով դա անել հնարվոր չի: Եթե մարդն իր հայրենիքը ծախել է... պատկերացրեք, որ արտասահմնյան լրտեսներով հավաքվել են կառվարությունում եւ իրենք կազմակերպում են ընտրություններ, ինչո՞վ է դա ավարտվելու: Կարծում եմ՝ նա դիտմամբ դա ասեց, որ ժողովրդի մեջ պառակտում մտցնի: Կան փոքր կուսակցություններ, որ կարող են մտածել, որ սա իրենց համար շանս է, բայց նա այդ նպատակին չհասավ, որովհետեւ ինչքան կարողանում եմ դիտել ընդդիմադիր դաշտը, այդպիսի գայթակղություններ չառաջացան:
Եթե իրեն հաջողվեր այդպիսի ընտրություններ կազմակերպել, դրանց մասնակցելը խայտառակություն կլիներ: Ես ոչ մի կոնֆիգուրացիայով, ոչ մի ձեւով չեմ մասնակցելու այդ ընտրություններին: Դա կնշնակի ջնջել այս ամեն ինչը, նորից սկսել զրոյից: Մոռացվելու է պատերազմը, դավաճանությունը, եւ նորից մեկը 10 տոկոս ունի, մեկը 30 տոկոս ունի, խոհանոցում իրար հետ խոսում են, բարիշում են, հարց են լուծում: Կտրականապես ես դեմ եմ այդ ընտրություններին եւ դրանց մասնակցությանը»:
Վազգեն Մանուկյանը նաեւ համոզմունք հայտնեց, որ այդ ընտրությունները լինելու են մաքսիմալ անազնիվ, համեմատած նախկինում եղած բոլոր ընտրությունների. «Եթե մարդը էդքանից հետո չի թողնում, գնում, դուք մտածում եք, որ մարդիկ կքվեարկեն եւ ինքը դուրս կգա այդ պաշտոնի՞ց: Դա բացառվում է: Մինչեւ վերջ պհելու է, տերերն էլ են պահանջելու, որ պահի իշխանությունը: Եթե անգամ ինքըն ինձ կանչի, ասի ուզում եմ փոխարեն Վազգեն Մանուկյանը լինի վարչապետ, ես չեմ գնա, ես այդ մարդու հետ չեմ ուզում խոսել, էդ մարդն իմ թշնամին է»:
comment.count (0)