Արցախը կրկին կվերածնվի, կհառնի փլատակներից ու կշարունակի իր հավերժական ընթացքը. ԱՀ նախագահ
10:08 - 20 փետրվարի, 2021

Արցախը կրկին կվերածնվի, կհառնի փլատակներից ու կշարունակի իր հավերժական ընթացքը. ԱՀ նախագահ

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որը ներկայացնում ենք ստորև. 

«Սիրելի՛ հայրենակիցներ, 1988 թվականի փետրվարի 20-ը հայ ժողովրդի տարեգրության մեջ է մտել որպես ազգային ոգու վերազարթոնքի, կուռ միասնականության ու անկոտրում կամքի խորհրդանիշ, որպես պայքարի ու մաքառման, վերակերտման ու արարման, կորստի ու հաղթանակների մի ամբողջ ժամանակաշրջանի սկիզբ:

Այդ օրից անցել է 33 տարի: Այսօր արցախահայությունն ապրում է իր պատմության ամենաբարդ ու ծանրագույն շրջափուլերից մեկը, ապրում է՝ ճակատագրի հարվածներից կծկված ու մի բուռ դարձած, ցավից ատամներն ու բռունցքը սեղմած, ճիչը կոկորդում և արցունքն աչքերում անթեղած:

Ապրում է` իր մեջ վառ պահելով 88-ի ոգին ու գաղափարները, է՛լ ավելի վստահ ու հաստատակամ, որ իր ընտրած ուղին ճիշտ է ու անշրջելի, որ, առավել քան երբևէ, այսօր ինքը պետք է ապրի ու շենացնի հայրենի հողը, որը կրկնակի է սրբացել իր նորօրյա հերոսների արյամբ:

Եվ հանուն մեր նահատակների, մեր երազանքների ու սերունդների՝ Արցախը կրկին կվերածնվի, կհառնի փլատակներից ու կշարունակի իր հավերժական ընթացքը: Մենք պարտավո՛ր ենք շարունակել Արցախյան շարժման արժեքաբանական պայքարը և լինել ավելի ուժեղ, ավելի զարգացած, կուռ ու միաբան՝ վճռականորեն պաշտպանելով մեր իրավունքներն ու ազատությունները, ազգային շահերն ու արժեքները, պատիվն ու արժանապատվությունը:

Սա է հայ ժողովրդի հարատևման ճանապարհը: Եվ թո՛ղ այդ ճանապարհին խաղաղությունն ու հաջողությունն ուղեկցեն մեր ժողովրդին ու հայրենիքին»,- գրել է ԱՀ նախագահը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել